Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

7 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով:

Նա նշել է.

«Նեպալի հարգարժան վարչապետ,

Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան նախարար,

Քննարկման հարգելի մասնակիցներ,

Ձերդ Գերազանցություններ, տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունելու ձեզ Հայաստանի կողմից կազմակերպված «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» թեմայով քննարկման շրջանակում:

Շնորհակալություն եմ հայտնում դեպի ծով ելք չունեցող երկրների իմ գործընկերներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին այս քննարկմանը մասնակցելու համար։

Այս միջոցառման նպատակն է անդրադառնալ առկա խոչընդոտներին և ճանապարհներ գտնել դեպի ծով ելք չունեցող երկրները ցամաքով կապված երկրների վերածելու համար` հնարավորություններ ստեղծելով օգտվելու համաշխարհային շուկաներից, նպաստելով աշխարհն ավելի փոխկապակցված և ներդաշնակ դարձնելուն, մարդկանց կենսապայմանների բարելավմանը, «կանաչ աճի» խթանմանը և մարդկային ներուժի զարգացմանը։

Հարգելի հյուրեր,

Մենք հաճախ ենք անդրադառնում տրանսպորտային կապելիությանը՝ որպես կարևոր գործիք բեռների և մարդկանց անխափան տեղաշարժն ապահովելու համար, ինչը խթանում է առևտրային և տնտեսական հարաբերությունները և միացնում է աշխարհագրական հեռավորությամբ տարանջատված տարածաշրջանները։ Սակայն այն կարող է ուղղակիորեն դրական ազդեցություն ունենալ նաև տարածաշրջանային կայունության, անվտանգության և խաղաղության վրա։

Պատմականորեն տրանսպորտային հաղորդակցման միջոցների կառուցումն իրականացվել է որպես ազդեցության և ուժի ցուցադրություն։ Նույնը հաճախ տեսնում ենք նաև այսօր, երբ կապելիության որոշ նախագծեր ուղղված են ոչ թե առևտրի, տնտեսական բարգավաճման և ժողովուրդների միջև շփումների խթանմանը, այլ՝ աշխարհաքաղաքական շահերի առաջմղմանը, ինչը խորացնում է բաժանարար գծերը։

Ժամանակակից աշխարհում պահանջվում է համընդհանուր փոխկապակցվածություն և համագործակցություն բոլոր մակարդակներում։ Ապրանքների, ծառայությունների և մարդկանց անդրսահմանային հոսքերը վերջին տասնամյակների ընթացքում դարձել են գլոբալ տնտեսության շարժիչ ուժը։ «Գլոբալիզացիա» անվամբ հայտնի այս երևույթը մեծապես նպաստել է համաշխարհային տնտեսության, առևտրի, արդյունաբերության և նորարարությունների աճին՝ ստեղծելով հսկայական հնարավորություններ երկրների և տարածաշրջանների զարգացման ու փոխկապակցման համար։

Արդարացի և ներառական կապելիությունը, որն ուղղորդված է տնտեսական հիմնավորմամբ, սոցիալական և տնտեսական իրավունքների իրացմամբ և միջմշակութային կապերի խթանմամբ, կարող է նպաստել խաղաղությանը և անվտանգությանը։ Բարենպաստ միջավայրի ստեղծումն ու կայուն ենթակառուցվածքների զարգացումը՝ մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի կազմակերպման համար, էական են բոլոր ժողովուրդների տնտեսական և սոցիալական իրավունքների, ինչպես նաև զարգացման իրավունքի իրացման տեսանկյունից և կարող են նպաստել ներառական տարածաշրջանային և գլոբալ փոխկապակցվածությանը։

Մենք բազմիցս նշել ենք մեր վստահությունը, որ արդյունավետ տարածաշրջանային համագործակցությունը և լավ նախագծված ու իրականացված տրանսպորտային ծրագրերը կարող են օգնել հաղթահարել քաղաքական տարաձայնությունները և հիմք հանդիսանալ խաղաղության, կայունության և երկարաժամկետ ներառական զարգացման համար՝ վերածելով տարածաշրջանները բարգավաճ տարանցիկ հանգույցների։

Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը լավ է գիտակցում ներառական կապելիության, բաց սահմանների և լիարժեք գործող ճանապարհների ու տրանսպորտային ենթակառուցվածքների կարևորությունը։ Այս համատեքստում՝ ավելի վաղ այսօր, ես հնարավորություն ունեցա իմ ելույթում ներկայացնելու Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Այս նախաձեռնությունը վկայում է տարածաշրջանային խաղաղության ու համագործակցության մեր երկրի հանձնառությունը՝ նպատակ ունենալով ապահովել առավել փոխկապակցված և ներդաշնակ աշխարհ՝ մարդկանց կենսամակարդակի բարելավման, էկոլոգիապես կայուն տնտեսական աճի խթանման և մարդկային ներուժի զարգացման համար։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը պատմականորեն եղել է մի խաչմերուկ, որը միացրել է Հյուսիսը Հարավի, իսկ Արևմուտքը՝ Արևելքի հետ՝ բոլոր քաղաքական, առևտրային և մշակութային առանձնահատկություններով։ Մեր երկրով անցնող Մետաքսի ճանապարհը միայն առևտուր չէր. այն մշակութային երևույթ էր, որը միավորում էր մարդկանց և խթանում միջմշակութային երկխոսությունը։ Այսօր ևս, մեր երկիրը՝ իր բարենպաստ աշխարհագրական դիրքի և պատմական ժառանգության շնորհիվ, կարող է նպաստել Ասիայի և Եվրոպայի միջև տնտեսական փոխգործակցությանը, ժողովուրդների միջև շփումներին և մշակութային կապերի խորացմանը։

Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում բոլոր առևտրային և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի բեռների, ապրանքների և քաղաքացիների տեղաշարժի համար՝ դառնալով անվտանգության, կայունության և բարգավաճման անկյունաքար ոչ միայն տարածաշրջանի, այլև տարածաշրջանից դուրս։

Շնորհակալություն եմ հայտնում և մաղթում արդյունավետ քննարկումներ»։

Հայերեն العربية English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում