Մարզեր

Ձորագյուղի խմելու ջրատարի ներքին ցանցի և աղբյուրակապերի կառուցման աշխատանքները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Ձորագյուղի խմելու ջրատարի ներքին ցանցի և աղբյուրակապերի կառուցման աշխատանքները շարունակվում են

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շարունակվում են աղբյուրակապերի և խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ձորագյուղի խմելու ջրատարի ներքին ցանցի և աղբյուրակապերի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 133 միլիոն 734 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է 10 կիլոմետր 315 մետր խմելու ջրատարի ներքին ցանցի և 3 աղբյուրակապի կառուցում։ Աղբյուրակապերը կառուցվում են Գեղամա լեռնաշղթայում գտնվող «Բոռբոռ» աղբյուրի ակունքներում։  

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի սեպտեմբերին և կավարտվեն 2025 թվականի աշնանը։ Կառուցվում է նաև բաշխիչ ցանց՝ 260 տնային միացմամբ։ Շինարարական աշխատանքներն արդեն իրականացվել են շուրջ 45 տոկոսով։ 

Ծրագրի իրականացման արդյունքում 260 տնտեսություն Ձորագյուղում կունենա շուրջօրյա ու որակյալ ջրամատակարարում։ 

Օրերս Ձորագյուղի խմելու ջրատարի ներքին ցանցի և աղբյուրակապերի կառուցման շինհրապարակում շինաշխատանքների մշտադիտարկում են իրականացրել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում