Մարզեր

Մարտունի քաղաքում 3 փողոցի հիմնանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում

2 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքում 3 փողոցի հիմնանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից  2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են գտնվում Արցախի, Պարույր Սևակ և Թումանյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, հիմանորոգումն ընդգրկում է վերոնշյալ փողոցների մայթերի սալիկապատման, ճանապարհների երթևեկելի մասերի ասֆալտապատման ու ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքները։ 

Մարտունու Արցախի, Պարույր Սևակ և Թումանյան փողոցների երթևեկելի մասերի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 79 միլիոն 963 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է  ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է 3 փողոցների ճանապարհների երթևեկելի մասերի ասֆալտապատում՝ 1311 գծամետր ընդհանուր երկարությամբ և 9177 քմ մակերեսով։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացրել է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, սկսվել են 2024 թվականի հոկտեմբերից և արդեն գտնվում են ավարտական փուլում։

2024 թվականի սուբվենիցոն մեկ այլ ծրագրով սալիկապատվել են Արցախի, Պարույր Սևակ և Թումանյան փողոցների մայթերը՝ 1380 գծամետր ընդհանուր երկարությամբ և 2651 քառակուսի մետր մակերսով։ Ծրագրի շրջանակներում կառուցվել է նաև ջրահեռացման համակարգ։ 

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 115 միլիոն 645 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի սեպտեմբերից և արդեն մոտենում են ավարտին։

Շինաշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔՈՄՓՆԻ» ՍՊԸ-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում