Քաղաքականություն

Իրանը կարող է ներդրումներ կատարել Հայաստանի տարանցիկ ենթակառուցվածքներում. Կովկասի հարցերով իրանցի փորձագետ

2 րոպեի ընթերցում

Իրանը կարող է ներդրումներ կատարել Հայաստանի տարանցիկ ենթակառուցվածքներում. Կովկասի հարցերով իրանցի փորձագետ

Հայաստանը ներդրումների կարիք ունի, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում, և Իրանը կարող է ներդրումներ կատարել Հայաստանի տարանցիկ ենթակառուցվածքներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն, այս մասին Թեհրանի համալսարանի և IRNA գործակալության՝ «Իրան-Հայաստան հարաբերություններ. անցում դեպի նոր տարածաշրջանային և համաշխարհային կարգի» խորագիրը կրող համատեղ հանդիպման ընթացքում նշել է Իսլամական Հանրապետության  արտաքին գործերի նախարարության գիտական հետազոտությունների վարչության պետ Հաբիբոլլահ Մալաքութիֆարը։

«Միջանցքները այսօրվա տնտեսական պատերազմի կարևոր մասն են կազմում, և մենք պետք է դիտարկենք դրանց քննարկումը՝ դաշինքներ ստեղծելու և երկրների հետ հարաբերությունները ընդլայնելու համար»,-նշել է Մալաքութիֆարը՝ անդրադառնալով Հարավային Կովկասի տնտեսական ներուժին։ 

Նա նաև նկատել է, որ Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ Իրանի հարավային ջրերում գտնվող Չաբահարը Սև ծովին կապելու գործում: Նա ընդգծել է, որ այդ գործում բացի Հայաստանից՝ Թեհրանին անհրաժեշտ է նաև երրորդ գործընկեր՝ մատնանշելով Հնդկաստանը։ 

«Մեզ անհրաժեշտ է երրորդ գործընկեր Երևանի հետ հարաբերություններում, և այս ոլորտում, հատկապես՝ միջանցքների հարցում, լավագույն գործընկերը Հնդկաստանն է»,-ասել է Հաբիբոլլահ Մալաքութիֆարը։ 

Վերլուծաբանի խոսքով՝ ենթակառուցվածքների զարգացման և ընդլայնման տեսանկյունից Հայաստանը ներդրումների կարիք ունի։ 

«Հայաստանը ներդրումների կարիք ունի, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում, և Իրանը կարող է ներդրումներ կատարել Հայաստանի տարանցիկ ենթակառուցվածքներում»,-շեշտել է փորձագետը։ 

Նա նաև ընդգծել է, որ Երևանն ու Թեհրանը պետք է օգտագործեն Հայաստանի տարանցիկ հնարավորությունները՝ շեշտելով, որ դրա համար անհրաժեշտ է  ավարտին հասցնել Հյուսիս-հարավ միջանցքի հայկական ճյուղը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում