Բարձր տեխնոլոգիաներ

Հայաստանը նույնպես ձգտում է արհեստական բանականության վերաբերյալ իր փորձով և դիրքորոշումներով կիսվել գործընկերների հետ․ Վահան Կոստանյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանը նույնպես ձգտում է արհեստական բանականության վերաբերյալ իր փորձով և դիրքորոշումներով կիսվել գործընկերների հետ․ Վահան Կոստանյան

Տեխնոլոգիաների դիվանագիտությունը նոր զարգացող ուղղություն է, և բոլոր պետությունները պետք է փորձեն դիրքավորվել այդ առթիվ, հետևաբար Հայաստանի համար հատկապես բազմակողմ հարթակներում դրական օրակարգերի ձևավորման համատեքստում շատ կարևոր է տարբեր ուղղություններով ունենալ սեփական դիրքորշում՝ փորձելով որոշակի թեմաների պարագայում նաև ստանձնել առաջնորդություն։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ով մասնակցում էր Սևան ստարտափ համաժողովի պանելային քննարկումներից մեկին։   

«Ի մասնավորի՝ ես քննարկման ժամանակ նշեցի մի քանի թեմաներ, այդ թվում՝ արհեստական բանականության օգտագործումը մշակութային ժառանգության պահպանման հարցերում, արհեստական բանականության և մարդու իրավունքների միջև փոխկապակցվածությունը, ինչպես նաև հաշվի առնելով, որ հաջորդ տարի Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության COP-17 միջոցառումը, նաև կենսաբազմազանության պաշտպանության և արհեստական բանականության միջև կապերը։ Անդրադարձա նաև Հայաստանում ձևավորված և մեր երկրում արդեն բավականին մեծ ճանաչում գտած տեխնոլոգիական պրոդուկտների արտահանմանը և նշեցի, որ ԱԳՆ-ն մշտապես փորձում է երկկողմ հարաբերություններում գովազդել և առաջ տանել մեր մի շարք պրոդուկտները, այդ թվում՝ Թումո տեխնոլոգիական կենտրոնը, Արմաթ լաբորատորիաները, «Ֆասթ» հիմնադրամի կողմից արհեստական բանականության կրթության մոդելը»,- ասաց ՀՀ փոխարտգործնախարարը։

Կոստանյանի դիտարկմամբ՝ դա փոխշահավետ համագործակցություն է, որովհետև որոշակիորեն նաև հանդիսանում է գործիք մեր արտաքին քաղաքականության և դիվանագիտության, ինչպես նաև փափուկ ուժի քաղաքականության ու ազդեցության տարածման համար։

«Երբ մեր արտաքին քաղաքական գործընկերների հետ խոսում ենք տնտեսական համագործակցության մասին, առաջնահերթ կերպով նշում ենք նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և այդ ոլորտում համագործակցության մասին։ Այդ առումով այն ներդրումները, որոնք կառավարության կողմից կատարվում են, և այն քաղաքականությունը, որը վարում է գորոծադիր մարմինը, ըստ էության ստեղծում են անհրաժեշտ էկոմիջավայր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման համար։ Եթե խոսում ենք նույն արհեստական բանականության մասին, ապա տվյալների բազաների զարգացումն այսօր ողջ աշխարհում ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից մեկն է, որն ունի անվտանգային նշանակություն»,-մանրամասնեց դիվանագետը։ 

Նա հավելեց, որ «Ֆայրբըրդի» կողմից Հայաստանում մեծ ծավալների դատակենտրոնի ստեղծումը էականորեն փոխելու է նաև մեր երկրի էկոհամակարգը, ինչը մշտապես ներկայացվում է արտասահմանցի գործընկերներին՝ հաշվի առնելով, որ այն պրոդուկտներն ու ծառայությունները, որոնք մատուցվելու են «Ֆայրբըրդի» կողմից, մասնավորապես ամպային ծառայությունները, բաց են լինելու այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների համար։

«Բազմակողմ հարթակներում բանակցությունների, ինչպես նաև բանավեճերի ամենաթեժ թեմաներից մեկը հանդիսանում է արհեստական բանականության կիրառելիությունը։ ՀՀ-ն նույնպես իր փորձով և դիրքորոշումներով փորձում է կիսվել արհեստական բանականության վերաբերյալ՝ մաս լինելով միջազգային դիրքորոշումների և օրակարգերի ձևավորմանը»,-ասաց Կոստանյանը։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում