Հայաստանն այսօր դարձել է նորարարության կարևոր հանգույցներից մեկն աշխարհի քարտեզի վրա․ ԲՏԱ նախարարի տեղակալ

7 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակում է ինտենսիվորեն աշխատել բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության վրա՝ ցանկանալով նորարարությունը դարձնել ազգային ինքնության տեսակ։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի կառավարական օրվա («Government Day») շրջանակում այս մասին հայտարարեց  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝ ներկայացնելով նախարարության կարևոր ուղենիշերն ու ձեռքբերումները։ 

«Նախարարության գործունեության հիմքում ընդհանուր առմամբ ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարությունն է, կիբերանվտանգության խնդիրը, հեռահաղորդակցության հարցերը, ինչպես նաև տիեզերքի հետ կապված արդյունաբերության ոլորտը։ Հայաստանն այսօր դարձել է նորարարության հանգույցներից մեկն աշխարհի քարտեզի վրա՝ լինելով ուժեղ գործընկեր։ Մենք այսօր էլ ինտենսիվորեն աշխատում ենք բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության վրա, ցանկանում ենք նորարարությունը դարձնել ազգային ինքնության տեսակ։ Մեր հիմնական նպատակն է խթանել հետազոտություններն ու առաջընթացը՝ ստեղծելով զարգացման կայուն ուղի»,- ասաց Սիմոնյանը։

Նա հավելեց, որ նախարարության առաջնային նպատակներից է նաև ստարտափների էկոհամակարգի զարգացումը Հայաստանում՝ նպաստավոր միջավայր ստեղծելով միջազգային ռազմավարական գործընկերություն հաստատելու, ներդրումներ ապահովելու և պոտենցիալ գործընկերներին ներգրավելու համար։ 

«Հայաստանն այսօր կապող օղակ է դարձել տարբեր երկրների միջև՝ տարաբնույթ ստարտափների միջոցով։ Այս համաժողովում հյուրընկալել ենք ներկայացուցիչների՝ ավելի քան 40 պետություններից։ ԲՏԱ նախարարությունում փորձում ենք ապահովել ներդաշնակ կապը պետության և մասնավոր սեկտորի միջև, փորձում ենք մարքետինգային նախագծերով սատարել ստարտափերներին և այդ կերպ համախմբել բոլորին։ Հիմնական ուղենիշներից ու ձեռքբերումներից մեկն այս տարվա ընթացքում պետության կողմից ցուցաբերված աջակցությունն էր՝ օրենսդրական փաթեթի տեսքով, որն ուժի մեջ է մտել հունվարի 4-ից։ Օրենսդրական փաթեթն, անշուշտ, սահմանում է ընդհանուր խաղի կանոնները երկարաժամկետ կտրվածքով և ըստ էության հանդիսանում է թիրախավորված աջակցություն»,- ասաց ԲՏԱ փոխնախարարը։ 

Նա ընդգծեց, որ մոտ 120 ստարտափներ շատ արագ զարգացել են նախորդ տարվա ընթացքում։ Շատերն իրենց գործունեությունը սկսել են «Սևան Ստարտափ» համաժողովների մեկնարկի հետ միասին։ Նրանք հանդես եկան բավականին հետաքրքիր ու հավակնոտ գաղափարներով ու կարողացան ժամանակի հետ իրենց արտադրանքը հանել շուկա։ Առաջարկվող հարթակներն ու էկոհամակարգը շատ կարևոր են հենց այդ առումով։

Սիմոնյանը հանգամանորեն ներկայացրեց նախարարության գործառնական ոլորտները, որոնք շատ կարևոր են ՏՏ բնագավառում գործող գերատեսչության համար՝ սկսած հետազոտություններից, վերջացրած արդյունաբերությամբ։ Ըստ փոխնախարարի՝ վերջին մի քանի տարիների ընթացքում ստարտափ էկոհամակարգը շատ արագ է զարգացել։ ԲՏԱ նախարարությունը նույնպես ներդրումներ է կատարում նշված էկոհամակարգում՝ իրականացնելով ինկուբացիոն և ակսելերացիոն ծրագրեր։ 

«Բոլորին հայտնի է «գաղափարից՝ բիզնես» կարգախոսը։ «Ներուժ» ծրագրի նպատակն է նաև սփյուռքից կարողությունների ներկրումը։ Տարեվերջին Դիլիջանում նախատեսում ենք անցկացնել մեծ միջոցառում։ Նախորդ տարի մեկնարկեցինք միջազգային ակսելերացիոն ծրագիրը։ Հայաստանն իր դիրքերը երեք կետով բարելավել է միջազգային էկոհամակարգերում։ Այդպիսի միջազգային կազմակերպություններից մեկը ստեղծվեց Հայաստանում։ Միջազգային ակսելերատորներից մեկի կողմից ստացել ենք երկարաժամկետ համագործակցության առաջարկ և հիմա աշխատում ենք եռամյա պայմանագրի վրա»,- մանրամասնեց փոխնախարարը։

Սիմոնյանի պնդմամբ՝ արհեստական բանականությանն առնչվող աշխատանքները նույնպես հիմնական ուղենիշ են մասնագիտացված գերատեսչության համար, որը ձգտում է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ։ 

«Ունենք զանազան նախաձեռնություններ, որոնք գալիս են և՛ մասնավոր սեկտորից, և՛ պետությունից, որոնք խթանում են ստարտափների էկոհամակարգը։ Եթե կենտրոնանանք մեր հիմնական ռազմավարության վրա, ապա ավելի ուժեղ էկոհամակարգը թույլ կտա Հայաստան բերել ավելի շատ թվով հանրաճանաչ կազմակերպություններ։ Նախարարությունը կարևորում է «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի անցկացումը, ուստի այդ նպատակով հատկացրել է 200 միլիոն դրամ։ Մեր սիրտն ու հոգին նույնպես ներդրել ենք համաժողովի աշխատանքներում»,- նշեց Սիմոնյանը։

Նրա ներկայացմամբ՝ երկրորդ կարևոր նախագիծը ինժեներական քաղաքն է, որն, ըստ էության, բավականին հավակնոտ ծրագիր է, քանզի մեկտեղում է պետական, մասնավոր և ակադեմիական շրջանակները։ Այնտեղ կան զարգացած հետազոտական կենտրոններ ու լաբորատորիաներ։ Սիմոնյանը կարևորեց նաև բուհերի հետ համագործակցությունը, ինչի արդյունքում հավակնոտ ծրագրերն ու նախաձեռնությունները Հայաստանը կդարձնեն ուժեղ դերակատար ՏՏ ոլորտում։ 

«Միջազգային գործընկերների հետ քննարկումների ժամանակ հաճախ մեզ հարցնում են, թե արդյոք ունենք համապատասխան տաղանդներ, մասնագիտացված բարձրորակ կադրեր, հետևաբար, այդ ուղղությամբ մեր համագործակցությունը ուսումնական հաստատությունների և ոլորտային կազմակերպությունների հետ իսկապես ունի կենսական նշանակություն։ Շատ կարևոր է միասին աշխատել, ուստի ԲՏԱ նախարարությունը հաճախակի կազմակերպում է վարժընթացներ ու դասընթացներ, տալիս ենք պրակտիկ և տեսական գիտելիքներ։ Մենք համախմբում ենք տարբեր ոլորտներում մասնագիտացած ստարտափերներին ու կազմակերպություններին»,- եզրափակեց ԲՏԱ նախարարի տեղակալը։ 

 Սևանա լճի ափին հուլիսի 20-ից մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» համաժողովը։ 

Հայերեն Русский

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին