Մարզեր

Գեղամասարի մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն իրականացվել են շուրջ 50 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Գեղամասարի մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն իրականացվել են շուրջ 50 տոկոսով

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար գյուղի մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն իրականացվել են շուրջ 50 տոկոսով։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Ալմաք» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Գևորգ Փինաչյանը, Գեղամասար գյուղի մանկապարտեզի նոր շենքի կառուցման և հին շենքի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 150 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։ 

Ծրագրով նախատեսված է մանկապարտեզի հին շենքի ամրացում ու վերակառուցում ու նոր լրացուցիչ մասնաշենքի կառուցում՝ նկուղային հարկով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հուլիսից, որոնց ավարտը նախատեսված է 2026 թվականի հուլիսին։ 

«Այսօրվա դրությամբ փաստացի իրականացվել են շուրջ 75 միլիոն դրամի շինմոնտաժային ու այլ կարգի աշխատանքներ։ Մասնավորապես, ավարտվել են հին շենքի ամրացման ու վերակառուցման, նոր շենքի կառուցման, ջեռուցման համակարգի, սանհանգույցների կառուցման, էլեկտրաֆիկացման, դռների և լուսամուտների տեղադրման աշխատանքները։ Մնում է իրականացնել նոր մասնաշենքի տանիքի կառուցման, արտաքին երեսպատման, ներքին հարդարման ու այլ կարգի որոշ աշխատանքներ։ Փորձում ենք արագացնել աշխատանքի տեմպերն այն հաշվով, որ հասցնենք նույնիսկ այս տարեվերջին, սահմանված ժամկետից ավելի վաղ, ավարտել շինարարությունը»,-ներկայացրեց Գևորգ Փինաչյանը։

Գեղամասարի մանկապարտեզը կառուցվում ու վերակառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, ինչի արդյունքում Գեղամասարում եկող տարի կշահագործվի արդի չափորոշիչներին համապատասխան 50 տեղանոց մանկապարտեզ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում