Մարզեր

Նորատուսի թիվ 2 մանկապարտեզում շահագործման է հանձնվել կեղտաջրերի կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան

2 րոպեի ընթերցում

Նորատուսի թիվ 2 մանկապարտեզում շահագործման է հանձնվել կեղտաջրերի կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղի թիվ 2 մանկապարտեզի տարածքում «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի շրջանակներում բացվել է կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան, որն ապահովում  է մանկապարտեզի կեղտաջրերի անվտանգ մաքրումը և մաքրված ջուրը  ոռոգման նպատակով օգտագործումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի Գեղարքունիքի մարզի ծրագրերի համակարգող Վարազդատ Սարգսյանը, նոր կայանը ոչ միայն էկոլոգիական, այլև կրթական դեր է ստանձնում։ Նրա տեղակայումը հենց մանկապարտեզում խորհրդանշում է մաքուր միջավայրի կարևորությունը երեխաների ապագայի համար։ 

Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև փոքրիկների կողմից պատրաստված նկարները՝ Սևանա լճի թեմայով։

Կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանի բացմանը  ներկա են եղել Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը, ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գավառի համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, պաշտոնական այլ անձինք։ 

Բացի կայանի կառուցումից ծրագրի շրջանակում մանկապարտեզների ուսուցիչները ստացել են հատուկ կրթական նյութեր՝ երեխաներին ջրի խնայողության, Սևանի պահպանության և բնապահպանական գիտակցության վերաբերյալ ուսուցանելու համար։

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագիրը նպատակ ունի բարելավել Սևանա լճի էկոհամակարգի պաշտպանությունն ու խթանել ջրի որակի բարձրացումը։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից և իրականացվում է GIZ-ի և ՄԱԶԾ-ի միջոցով՝ սերտ համագործակցելով ՀՀ պետական և համայնքային մարմինների հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում