Նախարար Մաթևոսյանը «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ում հանդես է եկել COP17-ի ճանապարհային քարտեզի վերաբերյալ ընդարձակ զեկույցով
4 րոպեի ընթերցում

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի ընթացքում այցելել և մասնակցել է «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, ինչպես նաև ունեցել է հանդիպումներ սամմիթի կազմակերպիչների հետ՝ քննարկելու համար հետագա համագործակցության ձևաչափերը, հատկապես՝ բնապահպանական նախագծերի և երիտասարդական հարթակների զարգացման ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում նաև տեղեկացրել է, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում կազմակերպված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովը միտված էր հզորացնել երիտասարդների մասնակցությունը գլոբալ բնապահպանական գործընթացներին՝ հատկապես՝ COP17-ի նախապատրաստական փուլում։

«Բացման արարողության ընթացքում հանդես եմ եկել ողջույնի խոսքով, որի ընթացքում կարևորել եմ բնապահպանական կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացումը, երիտասարդության ակտիվ ներգրավումն ազգային և միջազգային որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև համագործակցության խթանումը՝ հանուն կայուն և արդյունավետ լուծումների»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը՝ հավելելով, որ գագաթնաժողովին մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող՝ տիկին Ֆրանսուազ Ժակոբը, որոնց ներկայությունը ևս ընդգծել է միջոցառման կարևորությունը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով։
«Որպես բանախոս, հանդես եմ եկել նաև COP17-ի ճանապարհային քարտեզի վերաբերյալ ընդարձակ զեկույցով։ Ներկայացրել եմ Հայաստանի մոտեցումն ու պատրաստակամությունը՝ որպես գագաթնաժողովը հյուրընկալող երկիր, առաջնորդելու կենսաբազմազանության համաշխարհային օրակարգը։ Հայաստանը, լինելով COP17-ի նախագահող երկիր, ստանձնում է առաջատար դեր ոչ միայն լոգիստիկ կամ կազմակերպչական առումով, այլ առաջին հերթին՝ գաղափարական ուղղություն սահմանելու տեսակետից։ Շեշտել եմ, որ COP17-ը կոչված է վերածվելու ոչ թե հերթական միջազգային հարթակի, այլ վերաիմաստավորման կետ՝ մեր հարաբերության բնության հետ՝ համակարգային ու խորքային մակարդակում։

Այս գագաթնաժողովը պատմական հնարավորություն է՝ վերանայելու մեր մոտեցումները կենսաբազմազանության պահպանության հարցում՝ անցում կատարելով հատվածական նախագծերից դեպի ինտեգրված, էկոհամակարգային լուծումներ։
COP17-ը կլինի այն հարթակը, որտեղ Հայաստանը կներկայացնի իր տեսլականը՝ որպես փոքր, բայց կենսաբազմազանությամբ հարուստ երկիր»,- ընդգծել է նա։
Նախարարի խոսքով՝ նախապատրաստական այս փուլում նպատակը ոչ միայն համաշխարհային ուշադրությունը սևեռելն է բնապահպանական խնդիրների վրա, այլ նաև՝ միասնական, երկխոսության վրա հիմնված կառավարման մոդել ձևավորելը, որտեղ կարևոր տեղ է տրվելու նաև երիտասարդության, կանանց, տեղական համայնքների և քաղաքացիական հասարակության մասնակցությանը։
Ելույթից հետո նա պատասխանել է ներկաների հարցերին՝ կապված COP17-ի օրակարգի, Հայաստանի առաջնահերթությունների և երիտասարդության մասնակցության ձևաչափերի հետ։