Մարզեր

Գավառ-Գեղարքունիք մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է շուրջ 80 տոկոսով

3 րոպեի ընթերցում

Գավառ-Գեղարքունիք մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման ծրագիրն իրականացվել  է շուրջ 80 տոկոսով

2023 թվականի հոկտեմբերի կեսերից պետբյուջեի միջոցներով մեկնարկել եւ ընթանում են Գավառ-Գեղարքունիք մարզային նշանակության 12,9 կիլոմետր երկարության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք արդեն իրականացվել են շուրջ 80 տոկոսով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ գլխավոր ճարտարագետ Բաղդասար Նազեյանը, Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 3 միլիարդ 235  միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։ Ծրագրով նախատեսված  է հին ասֆալտեբոնյա ծածկի հեռացում, խճավազային հիմքի, ավազակոպճային շերտի, ասֆալբետոնյա երկշերտ նոր ծածկի տեղադրում՝ 12,9 կիլոմետր երկարությամբ և 91 հազար քառակուսի մետր մակերեսով,  ջրահեռացման համակարգի կառուցում երկաթբետոնյա ծածկած վաքերով, որոնք միաժամանակ կծառայեն որպես մայթեր,  Գավառ քաղաքի տարածքում 900 մետր երկարությամբ հեղեղատար-կոյուղու կառուցում։ 

2025 թվականի հուլիսի 21-ի դրությամբ արդեն իրականացվել են 2 միլիարդ 590 միլիոն 800 հազար դրամի ճանապարհաշինական աշխատանքներ, որոնց արդյունքում 12,9 կիլոմետր երկարության ճանապարհի երթևեկելի մասն ասֆալտապատվել է 12,2 կիլոմետր երկարությամբ ու 85 հազար 640 քառակուսի մետր մակերեսով, կառուցվել է Գավառ քաղաքի հեղեղատար կոյուղին։ Ծրագրով նախատեսված 15 հազար 885 քառակուսի մետր մակերես ունեցող մայթերից սալիկապատվել է 12 հազար 438 քառակուսի մետրը, իսկ ասֆալտապատվող 15 հազար 693 քառակուսի մետր մայթերից ասֆալտապատվել է 8594 քառակուսի մետրը։

«Ճանապարհաշինական աշխատանքները ավարտի կհասցվեին նախորդ տարեվերջին, եթե չխանգարեին ճանապարհի վրա իրականացվող ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքները։ Առաջիկայում Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում կմեկնարկի կոյուղագծի կառուցումը, որի ավարտից հետո մենք էլ մեր հերթին կսկսենք ու կավարտենք մեր աշխատանքները»,-ներկայացրեց Բաղդասար Նազեյանը։  

Հիմնանորոգվող ճանապարհի շուրջ 8 կիլոմետրն անցնում է Գավառ համայնքի Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ գյուղերի եւ Գավառ քաղաքի ներսով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում