Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մսուր-մանկապարտեզը համալրվել է նոր գույքով
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն գյուղի մանկապարտեզի նորաբաց խումբը բարեգործական ծրագրի շրջանակներում ստացել է նոր գույք։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, դեռևս 2024 թվականի տարեվերջին Սևան համայնքի ավագանու հերթական որոշմամբ «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը կազմակերպելու համար ավելացվել է մեկ խումբ, որի լիարժեք գործունեության համար չի ուշացել նաև անհրաժեշտ աջակցությունը:
Focus on Children Now-ի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ և բարեգործական ծրագրերի շրջանակներում Սևանի համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզի նոր խումբը համալրվեց անհրաժեշտ գույքով՝ երկհարկանի մահճակալներով, ներքնակներով, մանկական աթոռակներով և ճաշասեղաններով, հագուստի պահարաններով, խաղային կենտրոններով, հանդերձարանի նստարաններով, դաստիարակի աշխատասեղանով և աթոռներով, գրատախտակով, ինչպես նաև դիդակտիկ նյութերով:
«Սևան համայնքը երախտապարտ է իր բարեկամներին, որոնց բարեսիրական ծրագրերի շնորհիվ հնարավոր է դառնում իրականացնել համայնքապահպան ծրագրեր:
Որպես դրա վկայություն՝ Focus on Children Now-ի հայաստանյան մասնաճյուղը և երջանկահիշատակ Վարազ Կարապետիանի ընտանիքը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից արժանացան շնորհակալագրերի արդյունավետ համագործակցային աշխատանքի, բարեսիրական ծրագրերի իրականացման համար»,-տեղեկացրին Սևանի համայնքապետարանից: