Դավիթ Խուդաթյանը հանձնարարել է 2026 թվականին պլանավորվող ճանապարհաշինական բոլոր մրցույթները հայտարարել նախապես
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 17-ին մարզպետների, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են ընթացիկ տարում մարզերում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև պլանավորվել են 2026 թվականին նախատեսվող ճանապարհաշինական աշխատանքները։
Նախարարը հանձնարարել է 2026 թվականին պլանավորվող բոլոր մրցույթները հայտարարել նախապես` 2025 թվականի ընթացքում, որպեսզի 2026-ին, բարենպաստ եղանակային պայմանների դեպքում, անմիջապես սկսվեն ասֆալտապատման աշխատանքները։
Նախարարը հանձնարարել է նաև խստագույնս հետևել իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների որակին, շարունակել կառուցվող, հիմնանորոգվող ու նորոգվող բոլոր ճանապարհներից պետական լաբորատորիայի նմուշառումները, աշխատանքներն ավարտել օրացուցային գրաֆիկով սահմանված ժամկետներում: