Մշակույթ

Ընտրել եմ չենթարկվելու ճանապարհն ու նկարում եմ այն ֆիլմը, որը ցանկանում եմ. Ջաֆար Փանահին՝ իր կինոարվեստի մասին

5 րոպեի ընթերցում

Ընտրել եմ չենթարկվելու ճանապարհն ու նկարում եմ այն ֆիլմը, որը ցանկանում եմ. Ջաֆար Փանահին՝ իր կինոարվեստի մասին

Վենետիկի, Բեռլինի, Կաննի և այլ հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիր կինոռեժիսոր, սցենարիստ Ջաֆար Փանահին հայտնի է որպես իրանական կինոյի վառ ներկայացուցիչ, որն իր արվեստով, մտածողությամբ մեծ ազդեցություն ունի համաշխարհային կինոարվեստում։

Համարձակ ֆիլմերի պատճառով ավելի քան տասը տարի Փանահին հնարավորություն չի ունեցել դուրս գալ Իրանից, սակայն նախորդ տարի այդ հնարավորությունը նրան ընձեռվեց, և Փանահին իր այցով պատվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Այս տարի ևս նա փառատոնի կողքին է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախորդ տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին կինորավեստում ունեցած մեծ ներդրման համար Փանահին արժանացավ «Փարաջանովյան թալեր»-ի։ Այս տարի փառատոնը մեկնարկեց նրա «Մի պարզ պատահար» ֆիլմի ցուցադրությամբ, որն ամիսներ առաջ Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին արժանացավ։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր միջազգային հարթակում իրանական կինոյի հաղթանակը դրական արձագանք է գտնում Իրանի հասարակության մեջ, հուսադրում է ստեղծագործողներին։ Ըստ նրա՝ դա հատկապես ոգևորում է երիտասարդներին, որոնք սկսում են հավատալ, որ իրենք էլ կարող են խոսք ասել ու լսելի լինել։

«Նրանցից շատերն ունեն գաղափարներ, բայց ուժ չեն գտնում ֆիլմեր նկարահանելու համար, քանի որ մտածում են, թե ով է դրանք դիտելու, ինչպես են ցուցադրելու»,-նշեց Փանահին ու հավելեց՝ հիշում է՝ երբ  կինոռեժիսոր Աբաս Քիառոստամին Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ»-ի է արժանացել, իսկ կինոռեժիսոր Ասղար Ֆարհադին՝ «Օսկար»-ի, ամբողջ Իրանն է ցնծացել։

Անդրադառնալով 2025-ին Կաննի կինոփառատոնում իր հաղթանակին՝ Ջաֆար Փանահին խոստովանեց, որ անհանգստությունից մրցանակաբաշխության նախորդ օրը չի քնել։ Երբ հայտարարել են հաղթողների անունները և հնչել է իր անունը, սիրտը հանգստացել է, քանի որ այդ հաղթանակը շատ կարևոր է ոչ միայն իր, այլև իր ֆիլմերի հերոսների համար, որոնք բանտում են, բայց նրանց խնդիրը բարձրաձայնվում է։

Փանահին ցավով է փաստում, որ իր ֆիլմերից միայն մեկն է շատ տարիներ առաջ Իրանում ցուցադրվել մեծ էկրանին, ուստի ինքը հստակ չի կարող ասել, թե Իրանի լայն  հասարակությունն ինչ վերաբերմունք ունի իր ստեղծածի նկատմամբ, բայց վերջին տարիներին տեխնոլոգիական զարգացման շնորհիվ շատերն են կարողանում նայել նրա կինոնկարները, ինչը կինոռեժիսորի համար մեծ երջանկություն է, քանի որ  ֆիլմ է ստեղծում հանդիսատեսի  համար։ 

«Ես շատ բարձր եմ գնահատում Ձեզ հետ հանդիպումը, զրույցը, քննարկումը, բայց պետք է խոստովանեմ՝ երազում եմ նման քննարկում ունենալ իմ երկրում, իմ գործընկերների, երիտասարդ ստեղծագործողների հետ։ Չեմ ուզում, որ սխալ հասկանաք ինձ, բայց դա իսկապես իմ մեծ ցանկությունն է։ Երազում եմ, որ առանց սահմանափակումների իմ ֆիլմերը ցուցադրվեն Իրանում»,-ասաց Փանահին ու նշեց՝ ուրախ է, որ իր երկրում կինոն կարողացել է այնպիսի տեղ գտնել, որ բանտախցում նստած բանտարկյալից, կինոգործիչներից մինչև փողոցով քայլող սովորական մարդը նույն զգացողությունն են ապրում իրանական կինոյի հաջողության համար։

Ֆիլմ ստեղծելիս Փանահին միշտ ձգտում է անել այն, ինչ ցանկանում է՝ փորձելով շրջանցել սահմանափակումները, չենթարկվել դրանց։ «Ես չեմ ենթարկվում, դիմադրում եմ ու փորձում եմ իմ ճանապարհը գտնել։ Նկարում եմ այն, ինչ ցանկանում եմ, ոչ թե այն, ինչ կարող է պարտադրվել»,-ընդգծեց ռեժիսորը։

Իրանական կինոյում շատ են ֆիլմերը, որոնցում տեսարանների մեծ մասը նկարահանվել է մեքենաների մեջ։ Այն հարցին, թե ինչով է դա պայմանավորված՝ Փանահին պատասխանեց, որ իր պարագայում դա ապահովում է աննկատ լինելը, հեշտացնում է Իրանում ֆիլմ նկարահանելու գործընթացը։

Այդպիսի ֆիլմ է նաև «Մի պարզ պատահար»-ը։ Փանահին կարծում է՝ գուցե այն ապագայի կինոնկարը։ Փանահին երազում է, որ իր երկրում դաժանությունն ու վրեժխնդրությունը հարցեր լուծելու միջոց չդառնան, լուծվեն ներողամտության, բարության միջոցով։ 

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է հուլիսի 13-20-ը։ Այն իր շուրջ է համախմբել կինոյի ոլորտի կարկառուն ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև հարյուրից ավելի ֆիլմեր, որոնցից շատերը մրցանակների են արժանացել Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններում։

Պատվավոր հյուրերից են նաև Ամիր Նադերին, Մարկո Մյուլերը, Աբդեռահման Սիսակոն, Ադա Սոլոմոնն ու Աթինա Ռախիլ Ցանգարին և այլ կինոգործիչներ։ Նրանք քննարկումների, վարպետության դասերի, աշխատարանների միջոցով իրենց փորձն ու արվեստն են ներկայացնում կինոյի երկրպագուներին ու մասնագիտական համայնքին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում