Միացյալ Նահանգներ

Թրամփի սահմանած մաքսատուրքերն ԱՄՆ բյուջեին գրեթե 50 միլիարդ դոլարի լրացուցիչ եկամուտ են բերել. FT

2 րոպեի ընթերցում

Թրամփի սահմանած մաքսատուրքերն ԱՄՆ բյուջեին գրեթե 50 միլիարդ դոլարի լրացուցիչ եկամուտ են բերել. FT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օտարերկրյա ապրանքների համար սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը երկրի բյուջեին բերել են լրացուցիչ 47 միլիարդ դոլարի եկամուտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալները:

2025 թվականի երկրորդ եռամսյակում մաքսատուրքերը կազմել են ռեկորդային 64 միլիարդ դոլար՝ 47 միլիարդ դոլարով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Տնտեսագետները նշում են, որ առևտրի ոլորտում ԱՄՆ-ի համար բարենպաստ իրադրությունն այժմ բացատրվում է համաշխարհային տնտեսության բնագավառում երկրի կենտրոնական դերով: 

«Ի տարբերություն 1930-ական թվականների, երբ երկրներն ունեին ավելի հավասարակշռված առևտրային հարաբերություններ, այժմ համաշխարհային տնտեսությունը կառուցված է կենտրոնացված համակարգման մոդելով, որտեղ ԱՄՆ-ն է կատարում է կենտրոնի դեր: Դա (ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերին) պատասխան միջոցները դարձնում է տնտեսական տեսակետից սակավ գրավիչ երկրների մեծ մասի համար, նույնիսկ եթե դա կարող է գրավիչ լինել քաղաքական իմաստով», - թերթին ասել է Նյու Յորքի Քաղաքային համալսարանի միջազգային տնտեսագիտության պրոֆեսոր Մարթա Բենգոան:

Աշխարհի երկրները չեն կարողացել համակարգված պատասխան տալ Թրամփի առևտրային քաղաքականությանը, ինչը նրա վարչակազմին առավելություն է տվել բանակցություններում, գրում է թերթը: Արդյոք նրանք կկարողանան, այնուամենայնիվ, միավորել ջանքերն ԱՄՆ-ի դեմ, կախված կլինի նրանից, թե Թրամփն, ի վերջո, ինչ մաքսատուրքեր կսահմանի օգոստոսի 1-ին, երբ լրանում է նոր առևտրային ռեժիմի գործողության մեկնարկի հետաձգման հերթական ժամկետը, նշում են Financial Times-ի զրուցակիցները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում