Մարզեր

Հայրենական մեծ պատերազմի վետերան Մեխակ Ավետիսյանը նշել է ծննդյան 104-ամյակը

2 րոպեի ընթերցում

Հայրենական մեծ պատերազմի վետերան Մեխակ Ավետիսյանը նշել է ծննդյան 104-ամյակը

Երկրորդ աշխարհամարտի ու Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղի բնակիչ Մեխակ Ավետիսյանը նշել է ծննդյան 104-րդ տարին, ինչի առիթով նրան այցելել և շնորհավորել են Գավառի մարզային գրադարանի աշխատակիցները, ինչպես նաև՝ լրագրողներ Չինաստանից։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը՝ նշելով, որ Մեխակ Ավետիսյանը ոչ միայն վետերան է, այլ նաև սիրված մանկավարժ և գրող։

Մեխակ Ավետիսյանը զորակոչվել է Խորհրդային բանակ 1940 թվականին և մասնակցել  Հայրենական մեծ պատերազմի ամենածանր ու հերոսական ճակատամարտերին։ Նրա մարտական ուղին Հյուսիսային Կովկասից հասել է մինչև Մերձբալթիկա, որտեղ էլ նա դիմավորել է մայիսի 9-ի հաղթանակը։ Այնուհետև իր ծառայությունը շարունակել է Կուռլանդական թերակղզում և մասնակցել է ճապոնական բանակի դեմ գործողություններին չին-մոնղոլական սահմանին։ 1946 թվականին հայրենիք վերադարձած Մեխակ Ավետիսյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի», «Կարմիր աստղի», «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշաններով, ինչպես նաև բազմաթիվ մեդալներով։ 

Մեխակ Ավետիսյանը երկար տարիներ դասավանդել է Սարուխանի թիվ 1 դպրոցում՝ որոշակի ժանանակահատվածում ստանձնելով նաև տնօրենի պաշտոնը։ Վերջին տարիների գրքեր է հեղինակել գյուղի պատմության և Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված իր ծոռան ու նրա համադասարանցի մարտական ընկերների մասին։ 

«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մեխակ Ավետիսյանին էին այցելել  նաև Չինաստանից ժամանած լրագրողներ՝ շնորհավորելու և հարցազրույց անցկացնելու նպատակով, ինչը վկայում է նրա հերոսական անցյալի նկատմամբ միջազգային հետաքրքրության և հարգանքի մասին։

Այս հանդիպումը դարձավ ոչ միայն երախտագիտության արտահայտություն, այլև պատմական հիշողության պահպանման յուրահատուկ խորհրդանիշ»,-ներկայացրեց Մարիամ Համբարձումյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում