Վարդաձորում ոռոգման համակարգ ու ջրանցք է կառուցվել
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է ոռոգման համակարգ և Ձորագյուղ-Վարդաձոր ջրանցքը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդաձորի ոռոգման համակարգի և Ձորագյուղ-Վարդաձոր ոռոգման ջրանցքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 140 միլիոն 295 հազար 862 դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է ոռոգման համակարգի կառուցում 10, 14, 16, 26, 27, 35, 41-րդ և Ալաշկերտի փողոցներում ու մայր առվի վրա՝ 6010 մետր ընդհանուր երկարությամբ։ 1700 մետր երկարությամբ էլ կառուցվել է Ձորագյուղ-Վարդաձոր ոռոգման ջրանցքը։
Ոռոգման համակարգի և ջրանցքի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի սեպտեմբերից և արդեն գտնվում են ավարտական փուլում։
Շինաշխատանքներն իրականացրել է «Շին Կոմպլեքս» ՍՊԸ-ն։
Ծրագրի շահառու են հանդիսանում Վարդաձոր գյուղի բոլոր տնտեսությունները, որոնց այս տարվանից ոռոգման ջուրն արդեն մատակարարվում է ժամանակին և անկորուստ։