Սևանի երաժշտական դպրոցի կառուցման ծրագիրը Կառավարության և սփյուռքի գործակցության տիպային օրինակ է. վարչապետ Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի  մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Ընդհանուր առմամբ, դպրոցից կարող է օգտվել մոտ 230 աշակերտ։ Այն ապահովված է ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման հակահրդեհային օդափոխության, գազամատակարարման, էլեկտրամատակարարման ժամանակակից համակարգերով։ Իրականացվել են նաև տարածքի ցանկապատման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ 

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նվիրատու ընտանիքներին, նրանց ներկայացուցիչներին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին և հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակին։ Վարչապետի խոսքով՝ դպրոցի կառուցման ծրագիրը Կառավարության և սփյուռքի գործակցության տիպային օրինակ է: Երկրի ղեկավարն ընդգծել է նաև, որ Կառավարության ատեստավորման ծրագրի շնորհիվ երաժշտական դպրոցի մի շարք ուսուցիչների աշխատավարձերն էականորեն բարձրացել են: «Կարծում եմ, ժամանակները, երբ ասում էինք, թե մեզ համար կրթության ոլորտի ռազմավարությունները շատ կարևոր են, արդեն անցել են, որովհետև հիմա մենք ասում ենք՝ կրթությունն է մեր ռազմավարությունը: Այսինքն՝ չկա մի ոլորտ, որի բարեփոխումների և զարգացման մեր պատկերացումների առաջին տողում կրթությունը չէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բոլորը՝ մանկապարտեզ հաճախող երեխայից մինչև վարչապետ, առաջնային պետք է համարեն կրթությունը և կրթվելը, որովհետև դա է զարգացումն ապահովելու ամենահուսալի և միակ ճանապարհը: 

Այդ համատեքստում վարչապետը կարևորել է երեխաներին ուղղված  Կառավարության ուղերձը, թե ինչի համար է կրթությունը, կրթության ոլորտում կապիտալ ներդրումներն ու  կրթվելու պատշաճ պայմաններ ստեղծելը կարևոր և առանցքային. «Եվ մեր ուղերձը մեր բոլոր դպրոցների բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես։ Եթե կրթության միջոցով դուք՝ երեխաներ, լավ ապրեք, դրա շնորհիվ լավ կապրի նաև ձեր ընտանիքը, ձեր ընտանիքի հետ՝ ձեր համայնքը, ձեր համայնքի հետ՝ ձեր մարզը, ձեր մարզի հետ՝ ձեր պետությունը»։ 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրան է միտված «300 դպրոց, 500 մանկապարտեզ»  ծրագիրը, որի  շուրջ  կոնկրետացել են Կառավարության  ռազմավարական  պատկերացումները: 

Նշվում է, որ վարչապետն ընդգծել է՝ նորակառույց այդ շենքերը չպետք է ծառայեն  միայն զուտ դպրոցական ծրագրերի իրականացմանը, այլ պետք է այդտեղ իրականացվեն արվեստի, երաժշտական ուսումնառության  այլ  գործառույթներ ևս: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Կառավարությունը կշարունակի երաժշտական, արվեստի, սպորտի նոր դպրոցներ կառուցելու ծրագիրն այն վայրերում,  որտեղ կլինի այդ ենթակառուցվածքի օբյեկտիվ կարիքը՝ պատշաճ կրթություն ապահովելու հնարավորության ստեղծման համար: «Ակադեմիական քաղաքում կունենանք արվեստների ավագ դպրոցը, որը մեր պատկերացմամբ՝ երաժշտության, գրականության, արվեստի այլ ուղղությունների ամենատաղանդավոր երեխաների տաղանդը զարգացնելու, ինչպես հիմա ընդունված է ասել, աքսելերատոր կդառնա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է նաև նորակառույց բոլոր կրթական հաստատությունները նոր գույքով ապահովելու անհրաժեշտությունը: 

Հայերեն Русский

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26

Ասիական ինդեքսները նվազել են - 04/06/26

Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ԵԱՏՄ ճանապարհին.  ՌԴ ԱԳՆ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում. IDBank

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է

Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

«FlyOne Armenia»-ն գործարկել է Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթներ

Բուլղարիան շրջանաձև տնտեսությունը դիտարկում է որպես երկարաժամկետ ազգային առաջնահերթություն. BTA

ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր