Երևանում մեկնարկած Հայագիտական միջազգային երկրորդ կոնգրեսն անցկացվում է նոր նշաձողերի հասնելու ակնկալիքով
12 րոպեի ընթերցում

Հայագիտական միջազգային երկրորդ կոնգրեսը մեկնարկեց հուլիսի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ «Մատենադարան»-ում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և դրա կազմում գործող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ «Մատենադարան»-ի ղեկավարության կազմակերպած քառօրյա համաժողովին մասնակցում են շուրջ չորս տասնյակ երկրների գիտակրթական առաջատար հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ:
Համաժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ ԿԳՄՍ նախարար, «Մատենադարան»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը նշեց՝ ձևավորվում է հայագիտության ռազմավարության և հետագա զարգացման շատ կարևոր հարթակ, որը նպաստում է բովանդակային քննարկումների, շփումների և վերլուծությունների կազմակերպմանը:
«Ուրախ եմ, որ նախորդ տարվա կոնգրեսից հետո ստացանք բովանդակային և կարևորագույն առաջարկություններ, որոնք, վստահ եմ, կառավարության առաջիկա քաղաքականության և օրակարգերի շրջանակում զբաղեցնելու են իրենց արժանի տեղը: Նախորդ կոնգրեսը նաև կարևոր համագործակցությունների սկիզբ դրեց: Վստահ եմ, որ այս կոնգրեսում էլ կունենանք նոր պայմանավորվածություններ»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ վերջերս Ազգային ժողովի ընդունած բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքով՝ պետական քաղաքականության առաջնահերթություններում ներառված տարբեր ոլորտների շարքում կարևոր նշանակություն է տրված հայագիտության զարգացմանը: Նախարարն առանձնակի կարևորեց երիտասարդների ներգրավումը հայագիտական ուսումնասիրություններին:
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ Կառավարությունն աջակցում է արտասահմանյան համալսարաններում հայագիտական կենտրոնների ձևավորմանը և պահպանմանը: Նշվեց, որ 12 երկրներում գործում են հայագիտական 15 կենտրոններ, որոնց գործունեությունը միտված է այս ոլորտում երիտասարդների ներգրավվածությունն ինստիտուցիոնալ դարձնելուն և հայագիտության միջազգային ցանցի ձևավորմանը:
Նախարարը կարևորեց համաժողովի շրջանակներում նաև Երևանից դուրս՝ մարզերում միջոցառումներ անցկացնելու հանգամանքը, նշելով, որ դա նպաստում է Հայաստանի ճանաչմանը:
Ժաննա Անդրեասյանը վստահ է՝ Հայագիտության երկրորդ կոնգրեսը որակական նոր շեմ է սահմանելու համատեղ աշխատանքում:
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը կարևորեց համաժողովը պետական ֆինանսավորմամբ անցկացնելու հանգամանքը:
«Ֆինանսավորման մասին նշում եմ, քանի որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է գիտության ոլորտում պետական ներդրումների ավելացման անշեղ քաղաքականություն, որի գլխավոր նախապայմաններից է գիտական գործունեության առավելագույն արդյունավետության երաշխավորումը: Այս իմաստով նման կոնգրեսների կարևորությունն անգնահատելի է, քանի որ հայագիտական ոլորտ է բերում միջազգային դիտանկյունը և հայագիտությունը բերում է միջազգային չափողականության մեջ: Միևնույն ժամանակ շատ կարևոր եմ համարում նաև հայագիտական արդյունքի և հասարակական հաղորդակցման ամուր կապը, քանի որ դրա բացակայության պարագայում հանրային դաշտը լցվում է հակագիտական մի շարք թեզերով: Կարևոր է նաև ժամանակակից տեխնոլոգիաների խորացված կիրառությունը հայագիտության և, առհասարակ, հումանիտար և հասարակագիտական ոլորտներում»,- ասաց նա՝ հավելելով, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իրականացնում է բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր:
Հայագիտական ուսումնասիրությունների ասոցիացիայի նախագահ Վալենտինա Կալցոլարին համաժողովը համարում է հայագիտությունը ևս մեկ անգամ արժևորելու, ոլորտի և նրա հեռանկարների վերաբերյալ միասին խորհելու, տարբեր հարցերի, մարտահրավերների և ձեռքբերումների քննարկման լրացուցիչ հնարավորություն:
«Մատենադարան»-ի տնօրեն Արա Խզմալյանն անդրադառնալով վերջին մեկ տարում կատարած աշխատանքին՝ նշեց, որ 2024 թվականին կայացած կոնգրեսը հիմք դարձավ համակողմանի վերլուծական մի փաստաթղթի, որում ի մի են բերվել քննարկումների արդյունքում ձևակերպված հիմնական խնդիրներն ու անելիքները, լիարժեք գիտական համագործակցությանն ու շրջանառությանը խոչընդոտող հանգամանքները:

«Առաջին կոնգրեսի արդյունքներով է, որ ՀՀ Կառավարության աջակցությամբ մեզ հաջողվեց ձեռք բերել գրավոր ժառանգության թվայնացման մեծարժեք սարք, որը կկիրառվի Հայաստանից դուրս գործող ձեռագրական կենտրոնների գրավոր արժեքները թվայնացնելու նպատակով: Ընդլայնվել է համագործակցության շրջանակը հրատարակչական և գիտացուցադրական ոլորտներում: Մինչև տարեվերջ «Մատենադարան»-ը կունենա հրատարակված բարձրակարգ պատկերագիրք-ուսումնասիրություններ արտասահմանի մեր գործընկերների համագործակցությամբ, ցուցահանդեսներ Զմմառի պատրիարքական կղերի միաբանության և Զալցբուրգի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Յասմին Դում-Թագուտի հետ: Քննարկումներ են ընթանում Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի հետ գրավոր ժառանգության վերականգնման նախաձեռնություններն աջակցող մարմին ստեղծելու նպատակով»,- նշեց Արա Խզմալյանը:
Նա տեղեկացրեց, որ 2024 թվականին «Մատենադարան»-ում կազմակերպվել է միջազգային 6 գիտաժողով ու համաժողով, էապես բարելավվել է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում այս ինստիտուտի գիտաշխատողների ներգրավվածությունը: Գիտաշխատողները պարբերականներում, ժողովածուներում հրապարակել են 116 հոդված (2023-ին դրանք 95-ն էին): Մեծացել է նաև միջազգային գիտաժողովներում, ինչպես նաև «Էրազմուս+» ծրագրին մասնակցության ծավալը և ընդլայնվել աշխարհագրությունը:
Արա Խզմալյանն իր ղեկավարած գիտական հաստատության գործունեության կազմակերպման տեսակետից խիստ կարևոր է համարում արտասահմանյան պաշտոնական այցերը, որոնց արդյունքում գործնական կապերի ընդլայնմանը զուգահեռ, հարստացել են «Մատենադարան»-ի ձեռագրական և տպագիր հավաքածուները:
«Այս տարի Շվեյցարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրել ենք հուշագիր Կարեն Սվասյանի՝ Եվրոպայում ամենահայտնի հայ փիլիսոփայի, տիկնոջ հետ, որով Սվասյանի փառահեղ բացառիկ անձնական գրադարանը և արխիվը նվիրաբերվում են «Մատենադարան»-ին: Իսկ Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնազի հետ ձեռքբերված պայմանավորվածությամբ՝ Հայաստան են ժամանել լուսանկարների վերականգնման մասնագետներ, որոնք «Մատենադարան»-ում վարպետության դասեր են վարել ֆոնդապահների և վերականգնողների համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրենի հետ՝ համագործակցելու «Մատենադարան»-ի արաբատառ ձեռագրերի հավաքածուի վերականգնման և ուսումնասիրման լաբորատորիա ստեղծելու, համատեղ ցուցահանդես կազմակերպելու ուղղությամբ»,- հայտնեց Արա Խզմալյանը:
Ըստ նրա՝ զարգացման ծրագրի առանցքային ուղղություններից էր վերականգնման ոլորտի բարեփոխումը: Այս առումով, «Մատենադարան»-ի վերականգնման գործունեության պատմության մեջ շրջադարձային եղավ Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության խմբի և համանուն լաբորատորիայի ձևավորումը: Մասնավոր և պետական հատկացումներով ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել «Մատենադարան»-ի ձեռագրերի մետաղյա կազմերի, մանրանկարների ներկաշերտերի և թղթի բաղադրության մանրամասն ուսումնասիրումը, նոր մասնագիտական ու ժամանակակից հարթության վրա են դրվել սնկաբանական, միջատաբանական ու ախտահանման միջոցառումները։ Ընթանում են գիտական ուսումնասիրություններ Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, միկրոկենսաբանության և բիոտեխնոլոգիայի լաբորատորիայի հետ:
Նշվեց, որ 2024 թվականին «Մատենադարան»-ի վերականգնման ոլորտի արդիականացման համար ներգրավվել է 86 մլն դրամ, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Նախորդ տարի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ Թվայնացման բաժնի համար ձեռք է բերվել տվյալների պահպանման համակարգ (սերվեր), իսկ կոմիտեի դրամաշնորհային ծրագրով՝ ռենտգեն սարք: Հովանավորների աջակցությամբ ձեռք է բերվել ձեռագրական կենտրոնների թվային պատճենների պահպանման համակարգ և ձեռագրերի կազմերի եռաչափ սքանավորման սարք:
Ձեռագրացուցակների կազմման առումով նշանակալի ձեռքբերում էր «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկնարկած ծրագիրը, որով նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային համահավաք ձեռագրացուցակ՝ որոնման լայն հնարավորություններով։
Բանախոսը կարևորեց Եվրամիության դրամաշնորհի աջակցությամբ «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արհեստ և արվեստ» լաբորատորիա-ցուցասրահի բացումը:
Ընդհանուր առմամբ՝ 2024-ին ցուցասրահների արդիականացման համար սեփական միջոցներից և այլ աղբյուրներից հատկացվել է շուրջ 50 մլն դրամ:
2024 թվականի հուլիսից մինչև այժմ «Մատենադարան» է մուտք գործել 42 ձեռագիր միավոր, որից 17-ը՝ հենց ինստիտուտի միջոցներով:
Զարգացման ծրագրում կարևորված է նաև կրթամշակութային բաղադրիչը: «Մատենադարան»-ի կրթական ծրագրերի թիվը հասել է շուրջ մեկ տասնյակի:
Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում հուլիսի 9-ին, ժամը 19։00-ին տեղի կունենա «Մեկ տարվա հավերժությունը-Բ. Մատենադարանի ձեռագրական համալրումները» խորագրով ցուցահանդեսի բացման արարողություն։ Հուլիսի 11-ին, ժամը 16։45-ին՝ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանի «Մատենադարանի տիեզերաբանական և աշխարհագրական թաքուն գանձերը» գրքի շնորհանդես։ Հուլիսի 12-ին, ժամը 12-ին՝ Կոնգրեսի վերջին նիստը կանցկացվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, որին կհաջորդի Մատենադարանի ավագ գիտաշխատող Արփենիկ Ղազարոսյանի «Գեղամա երկրի գրչության կենտրոնները և ձեռագրական ժառանգությունը» գրքի շնորհանդեսը։
