Իրավունք

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

2 րոպեի ընթերցում

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

Ազգային ժողովը համաձայնություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում անցկացված փակ քվեարկությանը մասնակցել է 62 պատգամավոր՝ բոլորը կողմ են քվեարկել, դեմ՝ 0։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 7-ին ներկայացրել էր Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդագիրը։

Ըստ դատախազի՝ քրեական գործը վերաբերում է Վազգեն Գալստանյանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժմանը, որի շրջանակում Արթուր Սարգսյանը մի շարք այլ անձանց հետ նախապատրաստել է ահաբեկչություն և իշխանության յուրացում։

Քրեական վարույթի շրջանակում նշվում է, որ 2024 թ. հուլիսից մինչև 2025 թ. մարտը կազմակերպված խումբը ձեռք է բերել պայթյունավտանգ միջոցներ, կազմավորել հարվածային խմբեր, հավաքագրել ավելի քան 2000 անձ, պատրաստել քարտեզներ, սարքեր և նյութեր՝ տրանսպորտային ու կենսական համակարգերը կաթվածահար անելու նպատակով։ Արթուր Սարգսյանը, ըստ գործի նյութերի, ընդգրկված է եղել այդ խմբի կազմում։

Վարույթի նյութերով հանցավոր մտադրության իրագործումը չի հաջողվել՝ ԱԱԾ-ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում։ Արդյունքում՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ (իշխանության յուրացում) և 43-419-րդ (ահաբեկչության նախապատրաստում) հոդվածների հատկանիշներով։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում