Չինաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
2 րոպեի ընթերցում

Գերմանիայում Չինաստանի դեսպանը հուլիսի 8-ին կանչվել է արտաքին գործերի նախարարությունը, որտեղ գերմանական կողմն իր բողոքն է հայտնել Կարմիր ծովում գործողություն իրականացնող գերմանական ինքնաթիռի վրա լազերային հարձակման կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է X սոցիալական հարթակում Գերմանիայի ԱԳՆ արած գրառման մեջ։
«Գերմանացի անձնակազմին թիրախավորելը և գործողությունները խաթարելը բացարձակապես անընդունելի է»,- ասվում է ԱԳՆ գրառման մեջ։
The Chinese military employed a laser targeting a German aircraft in the EU operation #ASPIDES. Endangering German personnel & disrupting the operation is entirely unacceptable. The Chinese ambassador was summoned to the Federal Foreign Office today.
— GermanForeignOffice (@GermanyDiplo) July 8, 2025
Associated Press-ի փոխանցմամբ, Գերմանիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ծովային հսկողություն իրականացնող օդանավը Եվրամիության Aspides առաքելության մաս է կազմել։ Առաքելության նպատակը Եմենում հութի զինյալներից քաղաքացիական նավերի ավելի լավ պաշտպանությունն է։ Գերմանիայի ՊՆ պնդմամբ՝ օդանավը չինական ռազմանավի կողմից լազերային հարձակման է ենթարկվել ավելի վաղ այս ամիս՝ «առանց որևէ պատճառի կամ նախազգուշացման»։
Որպես նախազգուշական քայլ՝ օդանավի առաքելությունը չեղարկվել է։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Ջիբութիի ռազմաբազայում։ Անձնակազմից տուժածներ չկան։ Ավելի ուշ ինքնաթիռը ԵՄ առաքելության հետ վերսկսել է գործողությունները Կարմիր ծովում։