Միացյալ Նահանգներ

Թրամփը Մասկի կողմից նոր կուսակցության ստեղծման գաղափարը «ծիծաղելի» է անվանել

3 րոպեի ընթերցում

Թրամփը Մասկի կողմից նոր կուսակցության ստեղծման գաղափարը «ծիծաղելի» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ծիծաղելի» է անվանել միլիարդատեր Իլոն Մասկի՝ քաղաքական կուսակցություն ստեղծելու ծրագրերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա այս մասին ասել է հուլիսի 6-ին Նյու Ջերսիից մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։ Տեսանյութը տարածել է Global News-ը։ 

«Կարծում եմ՝ ծիծաղելի է երրորդ կուսակցություն ստեղծելը։ Մենք հսկայական հաջողությունների ենք հասել Հանրապետական ​​կուսակցության հետ։ Դեմոկրատները շեղվել են ուղուց, սակայն միշտ էլ եղել է երկկուսակցական համակարգ։ Կարծում եմ՝ երրորդ կուսակցության ստեղծումը կավելացնի խառնաշփոթը», - ասել է Թրամփը՝ մեկնաբանելով նոր կուսակցություն ստեղծելու Մասկի ծրագրերը։

Թրամփը հավելել է, որ Մասկը «կարող է զվարճանալ», բայց իր կարծիքով՝ երրորդ կուսակցությունների ստեղծումը «երբեք չի աշխատել»։

Ավելի ուշ՝ հուլիսի 7-ին, Թրամփը գրառում է կատարել իր Truth Social հարթակում: Նա նշել է, որ Մասկը «կորցրել է վերահսկողությունը», ինչին հետևելն իր համար «ցավալի է»։ Թրամփը ևս մեկ անգամ նշել է, որ երրորդ քաղաքական կուսակցությունն ԱՄՆ-ում երբեք հաջողության չի հասել, և երրորդ կուսակցությունները միայն քաոս են առաջացրել։ 

Թրամփը հայտարարել է, որ հարկերի կրճատման և ծախսերի օրենքը, որ օրերս ընդունվեց երկրում և որն իր և Մասկի տարաձայնությունների հիմնական պատճառն է դարձել, կվերացնի էլեկտրական մեքենաների մանդատը, և «մարդիկ կկարողանան գնել՝ ինչ մեքենա կցանկանան»։

Թրամփը հավելել է, որ Մասկն իրեն խնդրել էր ՆԱՍԱ-ի (ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) ղեկավար նշանակել իր ընկերոջը, ինչն ԱՄՆ նախագահը սխալ է համարել։ 

Ավելի վաղ Մասկն իրեն պատկանող X հարթակում քվեարկությունից հետո հայտարարել էր «Ամերիկա» քաղաքական կուսակցության ստեղծման մասին։ Նա ներկայացրել էր գնահատում, ըստ որի չափազանց մեծ ծախսերը և կաշառակերությունը սնանկացնում են Միացյալ Նահանգները՝ նշելով, որ երկրում գործում է «միակուսակցական համակարգ, այլ ոչ թե ժողովրդավարություն»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում