Tech Week Vanadzor 2025-ի շրջանակում մեկնարկել է ԴևHacks հակատոնը․ այն կտևի 48 ժամ

4 րոպեի ընթերցում

Վանաձորում անցկացվող Tech Week Vanadzor 2025-ի շրջանակում մեկնարկել է տարվա ամենադաժան՝ ԴևHacks հակատոնը․ այն կտևի 48 ժամ։ ԴևHacks հակատոնի բացման արարողությունը կայացել է հուլիսի 4-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Այն Հայաստանի պատմության մեջ ամենամեծ հաքաթոնն է, ունի շուրջ 200 մասնակից։ Սովորաբար հաքաթոնները 24 ժամ են տևում, բայց այս մեկը 48 ժամ է տևելու, և ահա ինչու են կազմակերպիչներն այն անվանում «ամենադաժան»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցույթի նպատակն է լավագույն թիմերի հավաքագրումը ամենահետաքրքիր տեխնոլոգիական նախագծերի շուրջ:

ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը բացման արարողությանն իր ողջույնի խոսքում ընդգծել է՝ շատ ոգևորիչ է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ «Շատ տպավորիչ է տեսնել այսքան շատ երիտասարդներ՝ վառվող աչքերով, պատրաստ պայքարի։ Այն, որ գոտեպնդվել եք 48 ժամ պայքարել, շատ ոգևորիչ է։ Օգտագործեք այս շփվելու, փորձի փոխանակման, գիտելի ձեռք բերելու կարևոր հնարավորությունը»,-նշել է նա։

Փոխնախարարը իր խոսքում կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը մարզերում՝ ընդգծելով, որ այդպիսի միջոցառումների անցկացումը պետք է ընդլայնել դեպի այլ մարզեր։

ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանն իր ողջույնի խոսքում վերհիշեց առաջին հաքաթոնը, որին մասնակցել էր: Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին:

«Ուրախ եմ, որ 200-ից ավելի մասնակից եկել է մասնակցելու ԴևHacks հակատոնին։ Հեշտ չի լինելու, քիչ եք քնելու, զայրանալու եք, ինչ-որ բան ձեզ մոտ չի ստացվելու, վիճելու եք։ Ցանկանում եմ, որ հաղթի ուժեղագույնը, բայց մյուսների համար էլ կարևոր փորձառություն է լինելու»,-իր խոսքում նշել է միջոցառման կազմակերպիչ Layerswap ընկերության համահիմնադիր տնօրեն Արամ Քոչարյանը։  

Հավելենք, որ երկու օր անց՝ հուլիսի 6-ին մասնակից թիմերը կցուցադրեն իրենց ստեղծած նախագծերը, իսկ ժյուրին կորոշի մրցանակային տեղերզբաղեցրած նախագծերը։ Հաքաթոնին մասնակցում են web3/crypto, տիեզերքին առնչվող, ֆինտեխ և այլ ոլորտների նախագծեր։

Նախապես ընտրված հանձնաժողովը գնահատելու է նախագծերը հայտարարված չափանիշներով` տեխնիկական բարդություն, նախագծի ամբողջականություն, օգտագործման հարմարավետություն, կատարման իրատեսականություն։ Հանձնաժողովի անդամները կազմված կլինեն տարբեր ոլորտների մասնագետներից։

Մրցանակային ֆոնդը 15 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է։ Առաջին տեղ զբաղեցրած մասնակից թիմը կստանա 10.000 դոլարին համարժեք ՀՀ դրամ, երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած թիմերը՝ 3500 և 1500 համապատասխանաբար։

Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորը հյուրընկալում է հայկական տեխնոլոգիական համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը։ Tech Week-ը «հայթեք» Հայաստանի օրացույցի կարևորագույն իրադարձություններից մեկն է։ Այն երբեք Երևանում չի անցկացվել և ապագայում էլ չի անցկացվելու։ Tech Week-ի ողջ իմաստը մեր երկրի տեխնոլոգիական մայրաքաղաքը Երևանից երեք օրով տարհանելն է։ Այս տարի Վանաձորում Tech Week-ը միավորելու է ոլորտի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին,  փորձառու և սկսնակ ձեռնարկատերերին, ուսանողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են տեխնոլոգիական ոլորտով։ 

Tech Week-ի հիմնական վայրը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատն է, որտեղ կանցկացվեն կոնֆերանսներ և պանելային քննարկումներ՝ տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ։

Երեք օրերի ընթացքում կոնֆերանսի շրջանակում հանդես կգա ավելի քան 60 խոսնակ՝ ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ, տեխնոլոգիական ձեռներեցներ, ներդրողներ և ոլորտի այլ առաջատար դերակատարներ։  

Tech Week Vanadzor նախաձեռնել են TCF-ը, Zealous-ը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները