Ծովազարդում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծովազարդ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում Ավետիք Իսահակյան և Զորավար Անդրանիկ փողոցներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Ծովազարդի Ավետիք Իսահակյան և Զորավար Անդրանիկ փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 62 միլիոն 642 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է Իսահակյան և Զորավար Անդրանիկ փողոցների ասֆալտապատում՝ 870 մետր երկարությամբ և 4541 քմ մակերեսով։ Զորավար Անդրանիկ փողոցում, որի հիմնանորոգվող հատվածի երկարությունը 486 մետր է, աշխատանքներն ավարտական փուլում են․ կատարվել են հողի շերտի քանդում, ավազակոպճային և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կառուցվել է նաև ջրահեռացման համակարգ։
380 մետր երկարությամբ Ավետիք Իսահակյան փողոցում էլ աշխատանքները նոր են մեկնարկել։ Այժմ կատարվում է ճանապարհի երթևեկելի մասի արտաքին շերտի քանդում։
Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն, կավարտվեն հուլիս ամսվա ընթացքում։