Կանադան շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանում գտնվող կանադացիներին օգնելու համար
2 րոպեի ընթերցում

Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Երևանին՝ Իսրայել-Իրան հակամարտության ընթացքում հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում կանադական հյուպատոսական խմբերին հասանելիություն ապահովելու համար, ինչի արդյունքում հնարավոր է եղել օգնել Իրանում գտնվող կանադացիներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անիտա Անանդը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Խոսեցի իմ հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ՝ շնորհակալություն հայտնելու Հայաստանին՝ «Ագարակ» սահմանային անցակետում կանադական հյուպատոսական խմբերի արդյունավետ մուտքն ապահովելու համար։ Դրա շնորհիվ մենք վերջերս կարողացանք օգնել տարածաշրջանում գտնվող կանադացիներին»,-իր գրառման մեջ նշել է Կանադայի ԱԳ նախարարը։
Նա նաև հավելել է, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել և երկուստեք վերահաստատել են տարածաշրջանում ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների նկատմամբ հանձնառությունը։
This morning, I spoke with my Armenian counterpart @AraratMirzoyan to thank Armenia for enabling effective access for Canadian consular teams deployed to the Agarak border crossing. In turn, we were able to assist Canadians in the region recently. We also discussed and reaffirmed… pic.twitter.com/m5tf6XWX4Q
— Anita Anand (@AnitaAnandMP) July 1, 2025
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների միջև կայացած հեռախոսազրույցի մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԳ նախարարությունը՝ նշելով, որ զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման, տարածաշրջանային, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։