Գավառ քաղաքի շատրվանային համակարգը կշահագործվի այս տարվա աշնանը
2 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքի շատրվանային համակարգի շինարարությունը, որի մեկնարկը տրվել է 2024 թվականի նոյեմբերին, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, շահագործման կհանձնվի 2025 թվականի աշնանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառի շատրվանային համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 278 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ շինարարությունն այստեղ ավարտված է շուրջ 620 տոկոսով։
Շինարարական աշխատանքների ղեկավար Նարեկ Թարվերդյանի հավաստմամբ՝ այս պահի դրությամբ կատարվել է ջրավազանի ֆիլտրացիոն և սեզոնային դատարկման խողովակների մոնտաժ: Կատարվել է նաև տեխնիկական սենյակի կառուցում, որը պահին գտնվում է հարդարման փուլում: Վերանորոգվում է ապամոնտաժված ջրահավաք ավազանի բազալտե սալերի երեսպատումը: Բուն շատրվանային համակարգը ձեռք էր բերվել դեռ 2021 թվականին: Դրա կարգաբերումն ու փորձարկումը նախատեսվում է հուլիսի սկզբին: Շատրվանն իր ընդհանուր մակերեսով Հայաստանում ամենամեծերից մեկն է՝ հագեցած արդի տեխնոլոգիաներով: Շատրվանային համակարգի մակերեսը 576 քառակուսի մակերես ունի, որը լինելու է թե՛ գունավոր, թե՛ երաժշտությամբ, թե՛ տեսաձայնագրմամբ: Ջրի ամենաբարձր շիթի երկարությունը 10-12 մետր է լինելու: Ըստ Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի՝ տարածքում տեղադրվելու են լուսաձայնային համակարգեր, իսկ ընդհանուր շատրվանային համակարգն իր լուծումներով, իր ձայնային, լուսային գեղեցիկ համակարգով լրացնելու է Գավառի կենտրոնական հրապարակի Ճարտարապետական տեսքը: Շինարարության ավարտին կենտրոնական հրապարակի տարածքը նաև կկանաչապատվի և կկահավորվի: