Եվրոպա

Եվրոպայի հարավում պայքարում են սաստիկ շոգերի դեմ

2 րոպեի ընթերցում

Եվրոպայի հարավում պայքարում են սաստիկ շոգերի դեմ

Եվրոպայի հարավում ուժեղ ջերմային ալիքների պատճառով օդի ջերմաստիճանը գերազանցել է +40 աստիճանն ըստ Ցելսիուսի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան և Հունաստանը: Տեղի իշխանությունները նախազգուշացումներ են հրապարակել՝ անտառային հրդեհների մեծ ռիսկի հետ կապված։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ը, մասնագետները ջերմային ալիքների նման ինտենսիվությունը պայմանավորում են կլիմայական փոփոխություններով՝ ընդգծելով, որ նման եղանակային պայմանները դարձել են սովորական Եվրոպայի հարավային հատվածների համար։ 

Պորտուգալիայի երկու երրորդում հունիսի 29-ին նախազգուշացման բարձր մակարդակ էր հայտարարված։ Իտալիայի մի շարք շրջաններում, ինչպես Լացիոն, Տոսկանան, Ապուլիան, օրվա ամենաշոգ ժամերին արգելվում են բացօթյա միջոցառումները։ 

Հունիսի 26-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Աթենքի հարավում։ Ուժեղ քամին կրակը արագ տարածել էր՝ վնասելով մեծաթիվ տներ։ Կրակի մարմանը միացել էին 130 հրշեջ, 12 ինքնաթիռ ու 12 ուղղաթիռ, ոստիկանությունը տարհանել էր 40 մարդու։ 

Իսպանիայի հարավում ևս ջերմաստիճանը հասել էր մինչև +42 աստիճանի։ Երկրի ազգային օդերևութաբանական ընկերությունից հայտնել էին, որ սա կարող է լինել երկրում երբևէ ամենաբարձր ջերմաստիճան գրանցած հունիս ամիսը։ 

Մասնագետները հիշեցնում են, որ ծայրահեղ բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում ամենօրյա կյանքի որակի վրա և մասնավորապես վտանգավոր կարող է լինել բնակչության խոցելի շրջանակների համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում