Մարզեր

Մարտունի համայնքում բացվել է բիոբրիկետի պատրաստման արտադրամաս

2 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքում բացվել է  բիոբրիկետի պատրաստման արտադրամաս

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից տրամադրված միջոցների հաշվին գործարկվել է բիոբրիկետի պատրաստման արտադրամաս՝   Գեղարքունիքի մարզում ապաստանած փախստականների և սոցիալապես անապահով  խմբերի ջեռուցման կարիքները ձմռան ամիսներին հոգալու  նպատակով։ 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ բիոբրիկետի պատրաստման արտադրամասի բացման արարողությանը մասնակցել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակի տնօրեն Նանա Սկաուն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուներ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ջանիկ Բազեյանը և Վահան Զարոյանը, Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը, Ներքին Գետաշենի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վահան Առաքելյանի հավաստմամբ՝ արտադրամասն ունի ժամում 250 կիլոգրամ թողունակություն։ Բիոբրիկետի արտադրության համար հումք են ծառայելու փայտի ու կահույքի արտադրության, ինչպես նաև անտառային թափոնները։ Ծրագրի մեկնարկը տրվել է մեկ տարի առաջ։ 

Բիոբրիկետի արտադրության ծախսերի կրճատման նպատակով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից արտադրամասի տանիքին տեղադրվել է 50 կիլովատտ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայան։ Բացի այդ, ծրագրով նախատեսված է Գեղարքունիքի մարզի համայնքներում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից կառուցված արևային ֆոտովոլտային կայանների արտադրանքի 30 տոկոսն ուղղել  նորաստեղծ հիմնադրամին՝ մարզում ապաստանած փախստականներին ու անապահով խմբերին տրամադրվող վառելիքի արժեքը սուբսիդավորելու նպատակով։   

Բիոբրիկետի պատրաստման արտադրամասի գործարկմամբ ստեղծվել է 4 աշխատատեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում