Հայաստան

ՆԳ նախարարը մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարը  մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 21-ին Ոստիկանության զորքերի կենտրոնական վարչակազմում մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն։

Ներկա էին Ոստիկանության պետը, ՆԳ նախարարի տեղակալները, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության ծառայողներ։

Նախարարության ղեկավարությանն է ներկայացվել զորքերի սպառազինությունը, տեխնիկական հագեցվածությունը։

Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Ոստիկանության զորքերը Հայաստանի պետականության ամրապնդման, հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ինչպես նաև սահմանադրական կարգի պահպանման գործում ունեցել և շարունակում են ունենալ լրջագույն ներդրում։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ծառայության համար՝ դիմել է ոստիկանության զորքերի ծառայողներին և նշել, որ նրանց համազգեստը ոչ միայն աշխատանքի կամ ծառայության նշան է, այլև մեր քաղաքացիների և պետության հանդեպ վստահության ու պատասխանատվության խորհրդանիշ։

Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ինչպես Ոստիկանության զորքերի կայացման, այնպես էլ պետականաշինության գործում անգնահատելի դեր են ունեցել երկրի սահմանների պաշտպանության համար և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանները, որոնք դա ապացուցել են կյանքի գնով՝ սերունդներին ժառանգելով նվիրական ծառայության օրինակ։

Նախարարի խոսքով՝ կարևոր ու խորհրդանշական է, որ զորքերի կազմավորման 33-ամյակը համընկել է ոստիկանության ոլորտում իրականացվող արմատական բարեփոխումների փուլին, որն ուղղված է հանրային անվտանգության ապահովման նոր չափանիշների ձևավորմանը։

Բարեփոխումների համատեքստում Արփինե Սարգսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ՝ ընդգծելով օրենսդրական դաշտի կարգավորման, ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման, շարունակական վերապատրաստման և սոցիալական երաշխիքների ապահովման կարևորությունը։

Նախարար Սարգսյանի խոսքով՝ գվարդիայի ստեղծմամբ հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործընթացը կընդլայնվի նոր մեթոդներով ու մոտեցումներով՝ այս ուղղությամբ կարևորելով ծառայողների ամենօրյա ինքնակատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Նա վստահեցրել է, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ոստիկանության գվարդիան կներկայանա նոր ոճով, նոր տեսքով և նոր մոտեցումներով, ինչը քաղաքացիներին կապահովի հասարակական կարգի պահպանման ավելի բարձր որակ։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը բարեխիղճ ծառայության համար պարգևներ են հանձնել մի խումբ ծառայողների։

Միջոցառման շրջանակում ոստիկանության զորքերը հանդես են եկել ցուցադրական վարժանքներով։ 

Տոնական միջոցառումը եզրափակվել է Ոստիկանության զորքերի երգի և պարի համույթի կատարումներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում