ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահին
1 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը hունիսի 20-ին ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերով քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը:
Պաշտպանը նշել է, որ վերոհիշյալ խմբերի իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ տարեկան հաղորդումների և արտահերթ զեկույցների, միջազգային և ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության բարձրացման միջոցառումների և այլ ձևաչափերով ոլորտային խնդիրների բարձրաձայնման միջոցով։
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները նախանշել են համագործակցության ուղղություններ։ Վիլեն Գաբրիելյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։