Ռուսաստան

Չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց ուշադիր հետևում ենք Սամվել Կարապետյանի գործին. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց ուշադիր հետևում ենք Սամվել Կարապետյանի գործին. Պեսկով

Ռուսաստանը հետևում է գործարար Սամվել Կարապետյանի գործին, որը Հայաստանում կալանավորվել է։ 

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Անշուշտ հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենաուշադիր կերպով հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացու հետ»,– նշել է Պեսկովը։

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։

ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Ս. Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչեր։

Սույն հիմքով հունիսի 18-ին նախաքննության մարմինը միջնորդել է դատարանին կալանավորել գործարարին, ինչը բավարարվել է։ Նրա փաստաբանները հայտնել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը՝ ընդգծելով, որ գործարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Սամվել Կարապետյանը, անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների և իշխանության ներկայացուցիչների միջև վերջին շրջանում առկա հակասություններին, հայտարարել էր, որ ինքը եկեղեցու կողքին է. «Եթե քաղաքական ուժերին չհաջողվի, մենք մեր ձևով կմիջամտենք եկեղեցու դեմ արշավին»,- ասել էր Կարապետյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում