Երևանի քաղաքապետարանը 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման պայմանագիր է կնքել, սակայն ֆինանսական միջոցներ դեռ նախատեսված չեն
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի համար 45 նոր տրոլեյբուս ձեռք բերելու պայմանագիր է կնքել, սակայն գնման գործընթացի շրջանակներում ֆինանսական միջոցներ դեռևս նախատեսված չեն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին զեկուցվեց հունիսի 16-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։
«45 տրոլեյբուսի գնման գործընթացի շրջանակներում կնքված պայմանագրի արդյունքում Երևան համայնքի համար ձեռք է բերվել 45 տրոլեյբուս, սակայն, հաշվի առնելով, որ դեռևս ֆինանսական միջոցները նախատեսված չեն, խնդրում եմ հանձնարարականի ժամկետը որոշակի ժամանակահատվածով երկարաձգել»,- նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության պետ Վահան Պապիկյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե կնքված պայմանագրով ինչքա՞ն ժամանակ ունեն տրոլեյբուսների ձեռքբերման գործընթացը կազմակերպելու համար։
Վահան Պապիկյանը հստակեցրեց, որ պայմանագիրը կնքվել է 2025 թվականի ապրիլի 7-ին, պայմանագրի կնքման օրվանից հետո ունեն 6 ամիս ժամանակ։
«Այսինքն՝ մինչև հոկտեմբեր։ Ժամանակ ունենք, մեր հաջորդ առաջնահերթությունն այս տրոլեյբուսներն են»,- արձագանքեց Երևանի քաղաքապետը։