Մշակույթ

Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները

3 րոպեի ընթերցում

Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները

Կայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի  է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ 

Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ժյուրիի որոշմամբ առաջին մրցանակին արժանացել են դիրիժորներ Ֆերնանդո Օսկար Գաջինին (Արգենտինա) և Լեոնարդ Ռայմոնդ Ուիլյամ Վայսը (Ավստրալիա)։ 

Խաչատրյանական մրցույթի երկրորդ մրցանակին արժանացել է Շուն Օին (Ճապոնիա)։ Երրորդ մրցանակային տեղը գրավել է Քյունտե Պակը (Հարավային Կորեա)։ Շնորհվել է նաև չորրորդ մրցանակը. այն ստացել է Օտիս Քինթա Էնոքիդո-Լայնհեմը (Մեծ Բրիտանիա)։ Ֆինալիստի դիպլոմին է արժանացել Ջեյհաք Չոյը (Հարավային Կորեա)։ 

Շնորհվել են հատուկ մրցանակներ՝ «Մրցույթի 1-ին փուլում դասական շրջանի սիմֆոնիայի լավագույն մեկնաբանության համար», «Մրցույթի 1-ին փուլում Արամ Խաչատրյանի ստեղծագործության մեկնաբանության համար», «Մրցույթի 1-ին փուլում Քշիշտոֆ Պենդերեցկու «Կորուսյալ դրախտ» օպերայից Ադաջետտո ստեղծագործության լավագույն մեկնաբանության համար», «Մրցույթի 2-րդ փուլում Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի լավագույն մեկնաբանության համար»։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մրցանակը շնորհվել է Ֆերնանդո Օսկար Գաջինիին։

Պարգևատրման արարողությունից հետո առաջին մրցանակի արժանացած դիրիժորներին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հնարավորություն է ընձեռել Արամ Խաչատրյանի դիրիժորական փայտիկով ղեկավարել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: 

Այս տարի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում էր «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ Դիրիժորական մրցույթն իրականացվում է 2016 թվականից՝ մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։  Խաչատրյանի անվան մրցույթը, 2023 թվականից սկսած, անցկացվում է նաև Չինաստանում՝ նպաստելով Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակմանն Ասիայում։ 

Մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ երաժիշտների, ինչպես նաև աշխարհում հանրահռչակել Արամ Խաչատրյանի երաժշտությունը։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում