Իրան

Իրանում հաստատել են Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Իրանում հաստատել են Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը

Իրանում հաստատել են ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիրը. վերահսկող մարմինն անհամապատասխանություն չի գտել Սահմանադրության հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի Սահմանադրության Պահապանների խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը։

«Իրանի և ՌԴ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագրի նախագիծը Պահապանների խորհրդի կողմից դիտարկումներից հետո չի ճանաչվել որպես Սահմանադրությանը և իսլամական իրավունքին չհամապատասխանող», - գրել է նա X սոցիալական հարթակում։

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիրն ավելի վաղ վավերացվել է Իրանի խորհրդարանի կողմից։ Ինչպես նշել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, խորհրդարանի և Իրանի Սահմանադրության Պահապանների խորհրդի կողմից հաստատվելուց հետո համաձայնագիրը կդառնա վավերացված փաստաթուղթ՝ պատրաստ իրագործման համար։

Համաձայնագիրն ստորագրվել է 2025 թ. հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը ձգտում են խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ամրապնդել համագործակցությունն անվտանգության և պաշտպանության բնագավառում, սերտորեն համակարգել գործունեությունը տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում, ինչը համապատասխանում է երկարաժամկետ, համապարփակ ռազմավարական գործընկերությանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում