Բարձր տեխնոլոգիաներ

Հայաստանում առկա տեխնոլոգիական տաղանդը և գործող ընկերությունների հաջողված փորձը հանգեցրին այստեղ գրասենյակ բացելու որոշմանը. Դեն Գիբբոնս

7 րոպեի ընթերցում

Հայաստանում առկա տեխնոլոգիական տաղանդը և գործող ընկերությունների հաջողված փորձը հանգեցրին այստեղ գրասենյակ բացելու որոշմանը. Դեն Գիբբոնս

Հայաստան այցելած բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար և «Էնթերփրայզ Արմենիա»-ի հետներդրումային ծառայության շահառու AMD ընկերության փոխնախագահ Դեն Գիբբոնսը «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցի շրջանակում եղավ Հայաստանի մի շարք բուհերում՝ ծանոթանալով վերջիններիս ներքո գործող մաթեմատիկական և ինժեներական լաբորատորիաների ներուժին՝ հետագայում Հայաստանում նմանատիպ լաբորատորիա հիմնելու հնարավորությունը դիտարկելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացած միջոցառման ժամանակ շահառու AMD ընկերության փոխնախագահ Դեն Գիբբոնսը նշեց, որ ներկայացնում է մասնավորապես Embedded բիզնես ստորաբաժանումը, որտեղ իրենք մշակում են արտադրանքներ՝ FPGA (դաշտում ծրագրավորվող դարպասային ալիքներ), ինչպես նաև բարդ ծրագրային լուծումներ՝ EDA (էլեկտրոնային նախագծման ավտոմատացում), որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս նախագծել ընկերության արտադրանքներն իրենց կիրառություններում։

«Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում մեզ անհրաժեշտ են լավագույն համակարգչային գիտության մասնագետները՝ ուժեղ մաթեմատիկական, ալգորիթմական և C++ ծրագրավորման հմտություններով։ Հայաստանում արդեն կար նախադեպ տվյալ ոլորտում (Synopsys, Siemens և այլն), և մեր մասնագիտական ցանցի միջոցով ծանոթացանք տարածաշրջանի հնարավորություններին։ Վերջիվերջո՝ Հայաստանում առկա տեխնոլոգիական տաղանդը, ոլորտում արդեն գործող ընկերությունների հաջողված փորձը, ինչպես նաև մեր ինժեներական թիմերի բազմազանությունը ավելացնելու ձգտումը դարձան այն հիմնական գործոնները, որոնք հանգեցրին այստեղ գրասենյակ բացելու մեր որոշմանը»,-ասաց Գիբբոնսը։ 

Նրա հավաստմամբ՝ սկզբնական մոտեցումը լիովին արդարացվել է և այսօր իրենք հիանալի թիմ ունեն Հայաստանում։ Բայց խոսքն ամենևին միայն ծախսարդյունավետ աշխատուժ ունենալու մասին չէ։ Այստեղի մասնագետների բազմազանությունը լրացնում է ընկերության մյուս վայրերի թիմերին։ 

«Օրինակ՝ Հայաստանի մեր աշխատակիցները ցուցաբերել են բարձր աշխատանքային էթիկա, ինչպես նաև բացառիկ ճշգրտություն ու որակ՝ ծրագրային ապահովման մշակման մեջ, ինչը օրինակ է դարձել մյուսների համար։ Իմ փորձով՝ տեխնիկական և մշակութային բազմազանությունը բազմաթիվ ոչ նյութական առավելություններ ունի, որոնք միշտ չէ, որ կարելի է չափել։ Բացի այդ, մենք բարձր ենք գնահատում այստեղի աշխատուժի կայունությունը։ Օրինակ՝ Սիլիկոնյան հովտում աշխատաշուկան չափազանց մրցակցային է, ինչը հաճախ հանգեցնում է կադրերի շրջանառության և պահման դժվարությունների։ Մեր աշխատակիցները մեր ամենակարևոր ռեսուրսն են, և մենք ցանկանում ենք երկարաժամկետ ներդրումներ անել նրանց մեջ»,-ասաց AMD ընկերության փոխնախագահը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի բազում համալսարանների հետ համագործակցելու հնարավորությունը՝ ինչպես աշխատուժի աղբյուր ապահովելու, այնպես էլ կրթական ծրագրեր համատեղ զարգացնելու տեսանկյունից, տարածաշրջանի ևս մեկ մեծ առավելություն է։ 

«Եվ իհարկե, մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կառավարության՝ տեխնոլոգիական ոլորտի վրա կենտրոնացումը, խթանումն ու աջակցությունը։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար աշխարհում քիչ են այն տարածաշրջանները, որտեղ հնարավոր է գտնել կրթված ինժեներական և համակարգչային գիտությունների մասնագետների՝ համեմատաբար հասանելի աշխատավարձով, նվազագույն լեզվական կամ այլ խոչընդոտներով։ Կարծում եմ մյուս ընկերությունները ևս կգնահատեն այն, ինչ մենք և մեր գործընկեր տեխնոլոգիական ընկերություններն արդեն բացահայտել ենք Հայաստանում»,-եզրափակեց Գիբբոնսը։

«Էնթերփրայզ Արմենիա»-ի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանն իր հերթին նշեց, որ AMD ընկերությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2019 թվականին, իսկ 2022 թվականից «Էնթերփրայզ Արմենիա»-ի հետներդրումային սպասարկման շահառու է:

«Այս այցը մեզ համար նշանակալի հնարավորություն է` ներկայացնել Հայաստանի գիտահետազոտական ներուժը, համալսարանների և մասնավոր ոլորտի սերտ համագործակցության գործող օրինակները, մասնավորապես՝ բուհերում գործող մաթեմատիկական և ինժիներական լաբորատորիաները, քննարկել հստակ քայլեր՝ ընդլայնելու AMD-ի ներկայությունը գիտության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտում։ Հատկանշական է, որ վերազգային տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսիք է AMD-ն, պատահական երկրներ չեն ընտրում։ Նրանք դիտարկում են աշխատուժի որակը, ներդրումային միջավայրն ու գործակցության մշակույթը, երկարաժամկետ տեսլական ունենալու հնարավորությունը։ Այս առումով Հայաստանը մրցակցային առավելություն ունի»,-ասաց Աբաջյանը։ 

Նա հավելեց, որ բարձր տեխնոլոգիաների և գիտահետազոտական հզորությունների զարգացումը Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններից է, ինչի մասին փաստում են կառավարության որդեգրած խթանող քաղաքականությունն ու ներդրումային էկոհամակարգի բարելավմանն ուղղված հստակ քայլերը և, համապատասխանաբար, վերջին տարիներին ոլորտում գրանցված աճն ու ցուցանիշները։ 

«Բավական է նշել, որ 2022-2024 թվականների ընթացքում տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում տարեկան աճել է միջինում 22 %: Հարգելի՛ ներկաներ, կցանկանայի ընդգծել ոլորտի առանձնահատկությունենրից մի քանիսը. հարկային արտոնություններ գիտահետազոտական գործունեության համար, ազատ տնտեսական գոտիներ, որտեղ բարձր տեխնոլոգիաների ընկերությունները կարող են առավել բարենպաստ գործունեություն ծավալել, տարեկան ավելի քան 8200 STEM շրջանավարտներ՝ մաթեմատիկայի, ինժիներական և ՏՏ ուղղություններով, զարգացող միկրոէլեկտրոնիկայի ենթակառուցվածք՝ ԵՊՀ-ի և Պոլիտեխնիկական համալսարանի նման բուհերում բացված լաբորատորիաներով և միջազգային համագործակցությամբ, և իհարկե ինժիներական քաղաքի իրականացում, որակյալ և մրցունակ մասնագետներ: Եվ իհարկե, ներդրումային աջակցություն և ամբողջական ուղեկցում Enterprise Armenia-ի թիմի կողմից՝ գործարքի կառավարումից մինչև կադրային աջակցություն»,-մանրամասնեց Աբաջյանը։ 

Նա նշեց, որ «Էնթերփրայզ Արմենիա»-ն պատրաստ է ամբողջությամբ աջակցել AMD ընկերությանն` ուսումնասիրելու Հայաստանում գիտահետազոտական լաբորատորիա հիմնելու հնարավորությունը և սկսելու պիլոտային ծրագրի իրականացումը։ Գոհար Աբաջյանը վստահեցրեց, որ դրանք նոր հորիզոններ կբացեն համատեղ համագործակցության համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում