Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն ընդունել է Նովոռոսիյսկի պաշտոնական պատվիրակությանը
2 րոպեի ընթերցում
Գավառ-Նովոռոսիյսկ քույր քաղաքների համագործակցության շրջանակներում Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի պաշտոնական պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոյի գլխավորութամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, պատվիրակության կազմում էին Նովոռոսիյսկ քաղաքի հայկական ազգային մշակութային «Լույս» հասարակական կազմակերպության նախագահ, Կուբանի աշխատանքի հերոս, Կրասնոդարի երկրամասի հասարակական պալատի անդամ Վլադիմիր Մխիթարյանը, ՌԴ Կրասնոդարի երկրամասի՝ «Ռուսաստանում հայերի միության» համառուսական հասարակական կազմակերպության շրջանային բաժանմունքի նախագահի տեղակալ Գեորգի Պողոսովը, պաշտոնատար այլ անձինք։
Համայնքապետարանում պատվիրակությանը աղ ու հացով դիմավորելուց հետո համայնքի ղեկավարն իր աշխատասենյակում անվանական արծաթե հուշամեդալներ է հանձնել Անդրեյ Կրավչենկոյին, Վլադիմիր Մխիթարյանին և Գեորգի Պողոսովին։
Անդրեյ Կրավչենկոն իր հերթին Գուրգեն Մրտիրոսյանին է փոխանցել խորհրդանշական հուշանվերներ։
Կողմերը քննարկել են բարեկամ քաղաքների հետագա համագործակցության հարցեր։
Գուրգեն Մարտիրոսյանը և Անդրեյ Կրավչենկոն շրջել են Գավառ քաղաքում, ծանոթացել քաղաքի պատմությունը խորհրդանշող պատմամշակութային արժեքներին։
Այնուհետև Գավառի Սամվել Քոչարյանցի պուրակում տեղի է ունեցել Նովոռոսիյսկ քաղաքի հիմնադիրներից մեկի՝ Լազար Մարկոսի Սերեբրյակովի հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Վերջինս ծագումով հայ է, ռուսական նավատորմի ծովակալ, մեծ է նրա ներդրումը Սևծովյան նավատորմի և քաղաքաշինության զարգացման գործում։
Հուշատախտակի բացման արարողությունն ուղեկցվել է ելույթներով, որոնցում ընդգծվել են Գավառ-Նովոռոսիյսկ քաղաքների բարեկամական հարաբերությունները՝ հայ-ռուսական գործակցության համատեքստում։ Ի նշան երկու քաղաքների բարեկամության՝ պուրակում նաև ծառ է տնկվել։
Այցելություն է կատարվել նաև Գավառ համայնքի Հայրենական մեծ պատերազմի միակ վետերան, սարուխանցի 103-ամյա Մեխակ Ավետիսյանին։