2 րոպեի ընթերցում
Նիդեռլանդների Էմմեն քաղաքի Wildlands կենդանաբանական այգու այցելուներից մեկի հեռախոսը հայտնվել է բաբուինների վանդակում, և կենդանիները դրանով սելֆիներ են նկարահանել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է նիդեռլանդական NL Times պարբերականը։
Կենդանաբանական այգու այցելու Շահրա Բահլուլը պատահաբար իր հեռախոսը գցել է բաբուինների վանդակը, և այն իրեն վերադարձվել է ամբողջովին ոչ պիտանի վիճակում։
«Ես կանգնած էի կապիկների վանդակի մոտ՝ հեռախոսը ձեռքիս», - նշել է նա՝ ավելացնելով, որ ինչ-որ մեկը հրել է իրեն, և հեռախոսը հայտնվել է ուղիղ բաբուինների վանդակում, որոնք անմիջապես շրջապատել են հեռախոսը։
Բահլուլն անմիջապես դիմել է կենդանաբանական այգու աշխատակցին, որը բացատրել է, որ իրենք կփորձեն վերադարձնել հեռախոսը, սակայն եթե բաբուիններն այն տանեն իրենց գիշերային վանդակը, այն գտնել չի հաջողվի։
Տանը նա ստուգել է իր iCloud-ը և գտել բաբուինների արած 7 տեսանյութերը՝ մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե տևողությամբ։
Նա տեսանյութերը հրապարակել է TikTok-ում, որտեղ դրանք լայն տարածում են գտել։
Բահլուլն ավելի ուշ վերցրել է իր հեռախոսը՝ ամբողջովին վնասված։
«Կարծում եմ՝ սա իսկապես զվարճալի է, բայց ես կնախընտրեի, որ իմ հեռախոսն ընկած չլիներ վանդակի մեջ։ Ես նաև վախենում էի, որ կապիկը կուլ կտա մի կտոր, և երբեք չգիտես, թե ինչ կարող էր պատահել», - ասել է հեռախոսի սեփականատերը։