Ինովացիա

Docus ստարտափի արհեստական բանականությամբ համակարգը կհեշտացնի առողջապահական ոլորտում հետազոտությունների վերլուծությունը

7 րոպեի ընթերցում

Docus asulis
Docus asulis

Առողջապահության ոլորտում տեխնոլոգիական և գիտական առաջընթացի խթանման, բժշկի և բուժառուի միջև հաղորդակցության արդյունավետության բարձրացման, հիվանդությունների վաղ կանխարգելման մշակույթի ձևավորման նպատակով արհեստական բանականությամբ աշխատող առողջապահական օգնական` հայկական Docus ստարտափը մշակել է համակարգ, որի միջոցով մարդիկ կարող են հետևել իրենց առողջական վիճակին, ստանալ լաբորատոր հետազոտությունների վերլուծություն և անհատականացված առաջարկներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում առաջին անգամ առողջապահական ոլորտում ներդրված արհեստական բանականությամբ աշխատող լաբորատոր տվյալների վերլուծության համակարգի գործարկումն իրականացվել է «Բլադ սելս» լաբորատորիաների հետ համագործակցությամբ: Այն թույլ է տվել տեղայնացնել տեխնոլոգիան և ինտեգրել լաբորատոր տվյալների վերլուծության պրոցեսին։

«Այսօր արհեստական բանականության կիրառումը տարածվում է մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, և առողջապահության ոլորտն այս տեխնոլոգիական զարգացման առաջամարտիկներից է։ Բավականին երկար տարիներ թե՛ դիագնոստիկ, թե՛ այլ ուղղություններով արհեստական բանականության միջոցով կարողանում ենք շատ ավելի լավ վերլուծություններ ունենալ։ Թե՛ բժշկական տվյալների օգտագործման, թե՛ այս տեխնոլոգիաներ կիրառման արդյուքնում մասնագիտական ներգրավվածության հետ կապված մտավախությունները տեղին են, բայց իմ խորին համոզմամբ՝ այս գործիքներն օժանդակ օգնություն են բժիշկներին և մարդկանց՝ կառավարելու իրենց առողջապահական հարցերը, ավելի տեղեկացված լինելու իրենց  առողջության մասին»,-հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ եթե մարդիկ չսովորեն իրենց առողջության մասին պատասխանատվություն կրել, որևէ առողջապահական համակարգ չի կարող լուծել  նրանց խնդիրները։ Նախարարը վստահ է, որ երկրի առողջապահական տվյալների հավաքագրումն արդեն բավական զարգացման փուլ է անցել։ «Որպես քաղաքականություն որոշող գերատեսչություն՝ մեզ համար կարևոր են նաև տվյալների անվտանգությունը, բժշկական գաղտնիքի պահպանումը։ Սրանք հարցեր են, որոնք մշտապես մեր ուշադրության կենտրոնում են լինելու։ Բժշկական տվյալների վերլուծության, պահպանման ու կառավարման վերաբերյալ օրենսդրական որոշ փոփոխությունների կարիք ևս տեսնում ենք։ Ամբողջ աշխարհն այսօր էթիկական և իրավական առումով փնտրտուքների մեջ է, թե ինչպես կարգավորի արհեստական բանականության կիրառումը։ Մենք էլ, հետևելով այդ զարգացումներին, անմասն չենք մնալու այս ամենից»,-շեշտեց նա։

Docus-ի համահիմնադիր, տնօրեն Ռոբերտ Սարգսյանն ընդգծեց՝ իրենց մշակած համակարգը քաղաքացիներին հնարավորություն կտա ստանալ  իրենց հետազոտությունների վերաբերյալ պարզ, հասարակ բացատրություններ։ «Հարթակի միջոցով հնարավոր կլինի ստանալ առողջության ցուցանիշների գծով դինամիկայի մասին տեղեկություններ և անհրաժեշտություն դեպքում  դիմել համապատասխան բժշկի։ Արհեստական բանականության հիման վրա ձևավորված հիշեցումների  համակարգը կծառայի որպես կամուրջ բժշկի և բուժառուի միջև։ Կարծում ենք՝ սա կխթանի կանխարգելիչ բժշկությանը»,-նշեց Սարգսյանը։

Անդրադառնալով բժիշկներին՝ նա շեշտեց, որ նրանց տրամադրում են խորը կլինիկական վերլուծություն։ «Համակարգը հաշվի է առնում բուժառուի բժշկական պատմությունը, ներկան, նախկին հետազոտությունների արդյունքներն ու տրամադրում է շեղումների գծով հնարավոր բացատրություններ, անհրաժեշտ հավելյալ հետազոտություններ, որ հնարավոր լինի հասկանալ շեղումների իրական պատճառը»,-մանրամասնեց Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ այդ ամենը կօգնի ավելի ճշգրիտ ախտորոշմանը, ինչպես նաև բուժման ավելի օպտիմալ ռազմավարության մշակմանը։

«Բլադ սելս» լաբորատորիաների հիմնադիր, տնօրեն Արման Հովհաննիսյանն էլ շեշտեց՝ իրենց համար շատ կարևոր է լինել առաջին լաբորատորիան, որը ժամանակակից բժշկագիտական մտքի և ապացուցողական բժշկության մոտեցումներին համապատասխան լաբորատոր հետազոտությունների տվյալների վերլուծություններ կկատարի և դրանք կտրամադրի բուժառուներին։

«Մեր  լաբորատորիաների տեխնիկամասնագիտական պոտենցիալի և Docus-ի հետ համագործակցության շնորհիվ ունեցանք մի պրոդուկտ, որը բարձրացրեց լաբորատոր ծառայությունների մատուցման որակը և խթան հանդիսացավ  նոր, ավելի նորարարական լուծումներ գտնելու և դրանց միջով անցնելու համար։ Դրա միջոցով հնարավորություն ունեցանք մեր հաճախորդներին համապարփակ ու մանրամասն վերլուծություն տրամադրել նրանց լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա։ Սա շատ կարևոր գործիք և լավագույն օգնական կարող է լինել նաև բժիշկների համար»,-ասաց Հովհաննիսյանը։

Նա կարծում է, որ  պետք է  խրախուսել, որ նման  պրոդուկտներն ու գործիքները ներդրվեն նաև Հայաստանի այլ բուժհաստատություններում։ «Անհրաժեշտ էր ստանալ մի պրոդուկտ, որը պետք է համապատասխաներ ապացուցողական բժշկությանը, ժամանակակից լուծումներին։ Բժշկության մեջ սխալները չեն ներվում, և մեծ աշխատանքի արդյունքում ծնվել է պրոդուկտ, որը մեծ հաշվով անսխալ վերլծություններ է անում»,-ընդգծեց Հովհաննիսյանը։

Համակարգը ստանում է հիվանդի համաձայնությամբ տրամադրված լաբորատոր վերլուծությունների ամբողջական փաթեթը և վերլուծում Docus-ի սեփական ալգորիթմով՝ բացահայտելով հնարավոր շեղումները։ Համակարգի միջոցով բուժառուն տեսնում է նաև իր առողջական վիճակի փոփոխությունները ժամանակի ընթացքում։ Համակարգը մատնանշում է շեղումների հնարավոր պատճառները, ռիսկային գործոնները, տրամադրում է ապրելակերպի բարելավման անհատականացված առաջարկներ, ինչպես նաև առաջարկում է բժիշկներ կամ մասնագետներ տվյալ խնդրի լուծման համար։ 

Docus-ի նպատակներից մեկն է ընդլայնել համակարգի կիրառումը Հայաստանի բոլոր բժշկական հաստատություններում՝ խթանելով բնակչության առողջապահական գրագիտության բարձրացումը և բժիշկ-բուժառու կապի ամրապնդումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում