Ռուսաստան

Ուկրաինան երրորդ անգամ խոցել է Ղրիմի կամուրջը՝ այն հասցնելով վթարային վիճակի

3 րոպեի ընթերցում

Ուկրաինան երրորդ անգամ խոցել է Ղրիմի կամուրջը՝ այն հասցնելով վթարային վիճակի

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը hունիսի 3-ի առավոտյան եզակի հատուկ գործողություն է իրականացրել և երրորդ անգամ հարվածել Ղրիմի կամրջին, այս անգամ՝ ջրի տակից։ Գործողությունը տևել է մի քանի ամիս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկին։

Նշվում է, որ ժամը 04:44-ին ակտիվացրել է կամրջի հենարանների տակ տեղադրված ստորջրյա պայթուցիկ սարքերը։ Հատուկ ծառայության տվյալներով՝ 1100 կգ տրոտիլային համարժեքով պայթուցիկները զգալի վնաս են հասցրել կամրջի կոնստրուկցիաներին՝ հատակի մասում։ Պայթյունի հետևանքով կամուրջը գտնվում է վթարային վիճակում։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նշել է, որ գործողությունը մանրակրկիտ ծրագրված է եղել, և խաղաղ բնակչության շրջանում զոհեր չեն եղել։ Գործողությունների պլանավորմամբ և համակարգմամբ անձամբ զբաղվել է գեներալ-լեյտենանտ Վասիլ Մալյուկը։

«Նախկինում մենք երկու անգամ հարվածել ենք Ղրիմի կամրջին՝ 2022 և 2023 թվականներին: Հետևաբար, այսօր մենք շարունակեցինք այս ավանդույթը՝ արդեն ջրի տակ: Ռուսաստանի Դաշնության որևէ ապօրինի օբյեկտ տեղ չունի մեր պետության տարածքում», - հայտարարել է Մալյուկը՝ նշելով, որ Ղրիմի կամուրջը լիովին օրինական թիրախ է, քանի որ այն օգտագործվել է որպես լոգիստիկ զարկերակ ռուսական զորքերի մատակարարման համար։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ղրիմի կամրջով երթևեկությունը դադարեցվել է օրվա ընթացքում երկրորդ անգամ։ Առաջին անգամ սահմանափակումներ մտցվել էին Մոսկվայի ժամանակով հունիսի 3-ի առավոտյան ժամը 6։00-ին։ «Ինտերֆաքս»-ը նշում է, որ սահմանափակումներ մտցնելու պատճառները չեն հաղորդվում։ 

2014 թվականին Ղրիմի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո Ռուսաստանը կառուցել է Ղրիմի կամուրջը, որը Կրասնոդարի երկրամասը կապում է թերակղզու հետ։ Ուկրաինան չի ճանաչում Ռուսաստանի վերահսկողությունը Ղրիմի նկատմամբ և պնդում է, որ Մոսկվան Ղրիմի կամուրջը կառուցել է ապօրինաբար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում