Հայաստան

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամության և համագործակցության լավագույն օրինակներից է

6 րոպեի ընթերցում

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամության և համագործակցության լավագույն օրինակներից է

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի հատուկ խորհրդական, պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ, ֆրանկոֆոն ռեգիոնների միջազգային ասոցիացիայի նախագահ Լորան Վոքիեի աջակցությամբ կենտրոնում հիմնված հրուշակագործության լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական  կենտրոն» Հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը նշեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում վերոհիշյալ լաբորատորիան կլինի հաջողության լծակ և կծառայի հայ երիտասարդությանը։

«Այս իրադարձությունն ինքնին կարևորվում է այն առումով, որ մեր ֆրանսիացի գործընկերները մեծ նշանակություն են տալիս հայկական գաստրոնոմիայի զարգացմանը, հետևաբար հրուշակագործության այս լաբորատորիան մեծապես կնպաստի այդ գործընթացին»,- ասաց Գրիգորյանը։   

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի նախագահ Քրիստիան Դրոզը նշեց, որ տվյալ լաբորատորիան լոկ աշխատավայր չէ, այլ ստեղծարար աշխատանքի և գիտելիքի փոխանցման միջավայր է։ 

«Այստեղ հայ երիտասարդներին կփոխանցենք նորարարական ջիղն ու գաստրոնոմիայի ավանդույթները։ Ի սկզբանե նպատակադրվել էինք ստեղծել ժամանակակից լաբորատորիա, որը համապատասխանելու է որակյալ մասնագետներ պատրաստելու պահանջներին՝ բացահայտելով այս կենտրոն հաճախող սաների ունակությունները։ Ծրագիրն իրականություն չէր դառնա առանց գործընկերների ներգրավվածության։ Նրանք մոբիլիզացվեցին ոչ միայն ֆինանսական առումով, այլև ակտիվորեն մասնակցեցին լաբորատորիայի կայացման աշխատանքներին, որպեսզի այն համապատասխանի միջազգային չափանիշներին»,- ասաց Դրոզը։ 

Նրա հավաստմամբ՝ լաբորատորիան թույլ է տալու իրականացնել տեղի կադրերի վերապատրաստում և նրանց ընձեռելու է աշխատանք գտնելու հնարավորություն։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները նույնպես տվյալ կենտրոնում կրթվելու հնարավորություն ունեն։

«Մենք արդեն հիսուն շրջանավարտի տվել ենք համապատասխան վկայական, որը վավերացվել է ԿԳՄՍ-ի կողմից։ Կրթում ենք նաև հարյուր արցախցիների։ Ունենք նաև այլ ոլորտներ, որտեղ գործում են վերապատրաստման երկու համակարգեր։ Ցանկանում ենք հատկապես գաստրոնոմիկ ժառանգությունը Հայաստանում դարձնել տարածական, առավել ևս, որ ունենք ավելի քան հիսուն տարվա փորձառություն գաստրոնոմիայի ոլորտում։ Մեր հիմնական գործունեությունը միտված է լինելու կենտրոնի հետագա զարգացմանը, որպեսզի տեղի կադրերն աշխատեն այնպես, ինչպես աշխատում են ֆրանսիացիներն իրենց հայրենիքում։ Ուզում ենք Հայաստանում հիմնել նաև խորհրդատվական նոր կետեր պատկան նախարարության օգնությամբ, որոնցից երկուսը Գյումրիում և Կապանում արդեն իսկ գործում են տարբեր ծրագրերի շրջանակում»,- ասաց Դրոզը։   

Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Կատրին Ստարոնն իր հերթին նշեց, որ կրթական ծրագրերի իրականացումն իրենց վարչակազմի առաջնահերթություններից է, ուստի ռեգիոնի պատվիրակության հայաստանյան առաջին այցից հետո որոշում կայացվեց ՀՀ-ում իրականացնել մեծ ներդրումներ։ 

«Երբ ներդրում ենք կատարում երիտասարդների համար նախատեսված ծրագրերում, դա ապագայի կերտման մի եղանակ է, որովհետև վերապատրաստումն ու կրթությունը որակապես փոխում են կյանքը, տարածական դարձնում փորձառությունը։ Մեր այցի շրջանակում երկու օր գտնվելով նաև Սյունիքում՝ անմիջականորեն տեսանք առկա դժվարությունները, ուստի պետք է հույս ներշնչենք երիտասարդներին։ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնն, անշուշտ, ի զորու է ապահովել որակյալ կադրեր, առավել ևս, որ կենտրոնի կողքին կանգնած են ավելի քան 150 գործընկերներ։ Հատկապես Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնը կսատարի ձեզ՝ խթանելով համագործակցությունը։ Պատահական չէ, որ լաբորատորիայի բացման արարողությանը մասնակցելու նպատակով մեր ռեգիոնից ժամանել է մի ստվար պատվիրակություն»,- ասաց Ստարոնը։ 

Նա շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներն այստեղ երեք տարի անվճար վերապատրաստվելու և հետագայում տեխնիկական թիմը համալրելու հնարավորություն են ստացել։ Նրա հավաստմամբ՝ նշված կենտրոնը հավակնոտ ծրագրերի իրականացման, արհեստավարժ մասնագետներ պատրաստելու գործում կարող է լիովին ապավինել Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի աջակցությանը։  

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամության ու համագործակցության լավագույն օրինակներից է, այն աշխատաշուկան համալրում է միջին մասնագիտական կրթությամբ որակյալ կադրերով:

Լաբորատորիայի բացման համար ֆինանսական աջակցությունն իրականցվել է  ֆրանսիական կողմից, գլխավոր ֆինանսական աջակցությունը Օվերն-Ռոն-Ալպ շրջանից է: Ֆրանսիական SOHO Architecture ընկերությունը՝ ճարտարապետ Օլիվիե Տիսոյի գլխավորությամբ, իրականացրել է լաբորատորիայի նախագծային աշխատանքները: Կենտրոնի ուսումնական գույքը, նյութատեխնիկական բազան բերվել են Ֆրանսիայից: Գործնական պարապմունքների համար յուրաքանչյուր սովորող  ունի իր անհատական աշխատատեղը: Մեծ է նաև Ռոնի մասնագիտական կրթության ընկերության  (SEPR)  դերը, որն այս նախագծի գործընկերներից է:  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում