Վերլուծություն

Իրանագետը դրական դինամիկա է նկատում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում

7 րոպեի ընթերցում

Իրանագետը դրական դինամիկա է նկատում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում

Իրանագետ Նվեր Դավթյանը կարծում է, որ իրանա-ամերիկյան բանակցություններում, որպես կարևոր գործընթաց, կա դրական դինամիկա, ու թեև կոնկրետ դետալային թեմաների մեջ չեն արտահայտվում կողմերի դիրքորոշումները, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ Իրանի համար կարևոր նախապայման է, որպեսզի իր միջուկային տեխնոլոգիաների կենսագործունեությունը, միջուկային ծրագրերի զարգացումը չսառեցվի։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Նվեր Դավթյան անդրադարձավ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին և այդ համատեքստում Օմանի միջնորդությամբ Իրանին փոխանցված վերջին առաջարկություններին։     

«Բավականին հետաքրքրական էր Օմանի կողմից առաջարկված փաթեթը, որը ենթադրում է տարածաշրջանային կոնսորցիումի ձևավորում Իրանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի ու տարածաշրջանի այլ երկրների մասնակցությամբ, որպեսզի միջուկային էներգիայի ծրագիրը զարգանա Իրանից դուրս, բայց, ինչպես երևաց Իրանի ԱԳՆ հայտարարություններից, իրանական կողմի համար չափազանց կարևոր է, որ հիմնավորեն և հիմնավորված կերպով շարունակեն ներկայացնել Իրանի միջուկային ծրագրի ոչ ռազմական բնույթի էությունը և դրա հենքի վրա միաժամանակ չդադարեցվի Իրանի միջուկային ծրագրի տեխնոլոգիական զարգացումն Իրանի տարածքում, ինչը պաշտոնական Թեհրանի համար շատ կարևոր սկզբունք է»,- ասաց Դավթյանը։

Նրա դիտարկմամբ՝ թեև վերոհիշյալ առաջարկության վերաբերյալ իրանական կողմից դեռ գրավոր պատասխան չի եղել, բայցևայնպես, հաշվի առնելով դիրքորոշումներն ու սկզբունքները, դեռ բանակցությունները կշարունակվեն, և Իրանին, գուցե, կարվեն արդեն դետալային առաջարկներ։ Ըստ իրանագետի՝ դրական միտում է նաև այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները որոշել է չխստացնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ կամ առաջիկայում սառեցնել հնարավոր պատժամիջոցների նոր փաթեթը։ Իրանական կողմն, ըստ էության, դեմ չէ իր տարածքից դուրս որևէ կոնսորցիումի ձևավորմանը կամ միջուկային էներգետիկայի ոլորտում միացյալ ծրագրի շրջանակում հետագա համագործակցությանը, բայց միևնույն ժամանակ մտադիր չէ հրաժարվել իր տարածքում միջուկային ծրագրերի զարգացման հնարավորություններից։ 

«Այստեղ կարևոր է նաև ուրանի հարստացման տոկոսային չափաբաժինը, զուտ այն առումով, որպեսզի տեխնոլոգիաների կենսագործունեությունը չդադարեցվի։ Կա նաև մյուս տարբերակը, որի համաձայն՝ քննարկումները վերաբերում են միջուկային ծրագրի շրջանակում ուրանի հաստացման աշխատանքների ժամանակավոր դադարեցմանը։ Դա միջանկյալ տարբերակ է՝ փոխվստահության մթնոլորտի ամրապնդման ու ձևավորման տեսանկյունից, և արդեն այն փաստը, որ բանակցությունները շարունակվում են, ինքնին դրական միտում է»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Ինչ վերաբերում է Իրանի ու եվրոպական երկրների միջև բանակցությունների հեռանկարին, ապա Դավթյանն ընդգծեց, որ ԵՄ երկրները շահագրգռված կլինեն, որպեսզի առանձին բանակցություններ վարեն Իրանի հետ և այդ գործընթացից կորզեն ցանկալին։ 

«Միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս էր եկել ԱՄՆ-ն և հենց նրա հետ կար խնդիրը կարգավորելու առաջնային նպատակ, բայց հայտնի է, որ ԵՄ մի շարք երկրներ շարունակում էին կիրառել իրենց կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Նպատակն այն էր, որ սեպարատ ձևով Իրանից ստանային երաշխիքներ կամ կորզեին տնտեսական-քաղաքական դիվիդենտներ։ Սակայն Իրանի համար այս պահի դրությամբ առավել կարևոր են Միացյալ Նահանգների հետ բանակցությունները, որովհետև միջուկային ծրագրի մասով ամենամեծ խնդիրը կապված է եղել ԱՄՆ-ի հետ։ Այդուհանդերձ, իրանական կողմը դեմ չի արտահայտվում ԵՄ-ի  կամ եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) հետ բանակցություններին, թեև բազմիցս նշել է, որ համաձայնագրից դուրս է եկել ԱՄՆ-ն, սակայն ԵՄ երկրները կամ հիշյալ եռյակի պետությունները պահպանել են իրենց պատժամիջոցները»,- ասաց Դավթյանը։ 

Նրա կարծիքով՝ խնդիրը դարձյալ դիտարկվում է Արևմուտքում, ոչ թե իրանական կողմում, հետևաբար Իրանն ակնկալում է, որ քայլեր կամ փոփոխություններ ներկայացնող գործողություններ պետք է լինեն նաև վերոհիշյալ եռյակի կողմից։ 

Բանախոսն անդրադարձավ նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին զեկույցին՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ։ 

Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը տնօրենների խորհրդի հունիսյան նիստից առաջ անդամ պետություններին տրամադրված գաղտնի զեկույցում հայտարարել է, որ Իրանը գաղտնի միջուկային ծրագիր է իրականացնում երեք օբյեկտներում չհայտարարված նյութերի օգտագործմամբ:

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին հայտարարությունը նույնպես ինչ-որ առումով տարօրինակ էր, և իրանական կողմից եղավ արձագանք, ըստ որի՝ նշված կազմակերպության հայտարարության ենթատեքստում ավելի շատ քաղաքական գնահատականներ կան, քան իրավական գործընթացին բնորոշ ձևակերպումներ, ուստի սա նույնպես որոշակի կասկածներ է հարուցում առ այն, թե որքանով է դրական տրամադրված եվրոպական եռյակը տվյալ խնդիրը լուծելու գործին։ Իրանական կողմը նաև հայտարարել էր, թե բացառված չէ, որ ԱԷՄԳ-ի ձևակերպումների ու եզրակացությունների վրա որոշակի ազդեցություն է ունեցել իսրայելական լոբբին, ուստի իրանական միջուկային ծրագրի շուրջ այդ կառույցի կողմից հնչել են քաղաքական բնույթի հայտարարություններ»,- եզրափակեց իրանագետը։        

Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 12-ից ի վեր Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների հինգ փուլ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու նպատակով։ Բանակցությունների 5-րդ փուլը կայացել է մայիսի 23-ին, Հռոմում։ 

Սպիտակ տունը գերատեսչություններին հանձնարարել է դադարեցնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։ Հանձնարարականներն անցյալ շաբաթ ուղարկել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։ Հրահանգը փոխանցվել է Ազգային անվտանգության խորհրդի, Ֆինանսների նախարարության և Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այդուհանդերձ, իրանական նավթի և սառեցված իրանական ակտիվների նկատմամբ ԱՄՆ-ի հիմնական սահմանափակումները կմնան անփոփոխ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում