Երևան

Երևանը նոր սերնդի երեք խաղահրապարակ կունենա. Կենտրոն վարչական շրջանն ու «Կերոն» հիմնադրամը հուշագիր ստորագրեցին

5 րոպեի ընթերցում

Երևանը նոր սերնդի երեք խաղահրապարակ կունենա. Կենտրոն վարչական շրջանն ու «Կերոն» հիմնադրամը հուշագիր ստորագրեցին

Երևանը միջազգային չափանիշներին համապատասխան նոր սերնդի երեք նոր խաղահրապարակ կունենա. Երևանի Կենտրոն վարչական շրջանն ու «Կերոն» զարգացման հիմնադրամը  ստորագրեցին հուշագիր՝ ներկայացնելով նոր խաղահրապարակների ստեղծման ծրագիրը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս նախագիծը  «Կերոն» զարգացման հիմնադրամի ռազմավարական ուղղություններից մեկի՝ տարածքային զարգացմանն ուղղված ծրագրերից է, որն իրականացվում է Կենտրոն վարչական շրջանի հետ համագործակցությամբ և համատեղ ջանքերով: 

Նոր կոնցեպտով ժամանակակից  երեք  խաղահրապարակները լինելու են Օղակաձև այգու 6-րդ հատվածում, Խաչքարերի պուրակում և Միսաք Մանուշյանի անվան պուրակում: 

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանն ընդգծեց՝ խաղահրապարակները կունենան ինչպես միջազգային ստանդարտներին համապատասխան և եվրոպական առաջադեմ քաղաքներում արդեն շահագործվող խաղային տարրեր (ճոճանակներ, սահարաններ), այնպես էլ հատուկ պատվերով հենց այս նախագծերի համար ստեղծված խաղային սարքավորումներ, որոնք նախատեսված են տարբեր տարիքի երեխաների համար: 

«Աշխատանքներն արդեն մեկնարկել են, և բոլոր երեք խաղահրապարակները նախատեսվում է հանձնել շահագործման այս տարվա ընթացքում: Ամենակարևորն այն է, որ այս խաղահրապարակները կլինեն առաջինը, որոնք հասանելի կլինեն նաև հաշմանդամություն և սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների համար:  

Տարածքը նախատեսված է այնպես, որ երեխան կարող է հեշտությամբ մուտք գործել և դուրս գալ խաղահրապարակից՝ անկախ իր շարժունակության սահմանափակումներից: Խաղային տարրերից մի քանիսն էլ հատուկ նախագծված են այնպես, որ բոլոր երեխաները` առանց բացառության, կարողանան մասնակցել խաղին` անկախ ֆիզիկական կամ զարգացման առանձնահատկություններից: Միջավայրն անվտանգ է, իսկ բոլոր լուծումները մտածված են երեխայի ֆիզիկական և հոգեբանական հարմարավետությունը երաշխավորելու համար»,- նշեց Պետոյանը: 

«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի խոսքով՝ սա հիմնադրամի նվերն է մայրաքաղաքին և երևանցիներին: 

Նա ընդգծեց՝ հիմնադրամի  ռազմավարական ուղղություններից մեկը հենց միջավայր փոխելն ու տարածքային զարգացման ծրագրեր իրականացնելն է:

«Մենք շատ երկար քաղաքապետարանի հետ բանակցում էինք, որպեսզի հասկանանք, թե քաղաքի որ հատվածներում նման նախագիծ կարող ենք իրականացնել: Շատ կարևոր էր, որ դրանք նախատեսված լինեին բոլոր տարիքային խմբերի երեխաների համար: Նոր, գերհագեցած խաղային տարածքներում երեխաները կկարողանան ոչ միայն խաղալ, այլ նաև ոչ ֆորմալ կրթություն ստանալ:

Խաղահրապարակները նախագծելիս՝ հաշվի են առնվել բոլորի կարծիքները: Այդ նպատակով կազմել ենք  ֆոկուս խմբեր և իրականացրել քննարկումներ, որոնցում  ներգրավված են եղել ծնողներ, ինֆլյուենսերներ, համայնքի բնակիչներ: Նրանք բարձրաձայնեցին մի շարք կարևոր դիտարկումներ, որոնք ներառել ենք նախագծում։ Մասնավորապես, նշվել է, որ կարիք կա ծնողների համար հանգստի գոտիների և տարբեր զբաղմունքների, նաև կարևորվել է երեխաների անվտանգության ապահովումը, լուսավորության, տեսախցիկների առկայությունը, ստվերային գոտիների և խմելու ջրի ապահովումը և այլն»,- ընդգծեց Վանանե Արարքցյանը:

Նա հավելեց, որ յուրաքանչյուր խաղահրապարակ ունենալու է թեմատիկ սցենար` հիմնված հայկական խորհրդանիշների վրա՝ հայկական գորգ, կենաց ծառ, կարմրախայտ ձուկ:

Նախագծի մեկնարկի մասին հայտարարելուց հետո կողմերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ շրջեցին նոր խաղահրապարակների համար նախատեսված երեք տարածքներում, որտեղ ծանոթացան նախագծման աշխատանքներին: 

«Այս նախագծերը առաջին հերթին մեր այգիներում երեխաների համար նախատեսված նոր ենթակառուցվածք ստեղծելու մասին են, սրանք խաղահրապարակներ են, որոնք այս տեսակով և որակով առաջին անգամ են Երևանում տեղադրվում: Հուսով եմ, որ արդեն տարվա վերջին մենք կտեսնենք շատ հետաքրքիր և գեղեցիկ նոր հատվածներ երեխաների համար»,- ասաց Ավինյանը: 

Քաղաքապետն ընդգծեց՝ նախագծման ամենակարևոր առաջնահերթություններից մեկն է եղել կանաչապատ տարածքի լիարժեք պահպանումը: Նա շեշտեց, որ ոչ մի ծառ չի կտրվելու, իսկ խաղահրապարակները ներդաշնակորեն կհամակցվեն առկա բնական միջավայրին՝ պահպանելով կանաչ տարածքների ամբողջականությունն ու էկոհամակարգը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում