Միացյալ Նահանգներ

Մասկը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմում իր ժամանակը «մոտենում է ավարտին»

2 րոպեի ընթերցում

Մասկը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմում իր ժամանակը «մոտենում է ավարտին»

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որը հատուկ պետական ​​աշխատողի կարգավիճակով ղեկավարում է Սպիտակ տան Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում իր ժամանակը «մոտենում է ավարտին»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մասկը գրառում է կատարել իրեն պատկանող X սոցիալական հարթակում։ 

DOGE-ը ղեկավարելու ընթացքում Մասկը վերահսկում էր դաշնային աշխատուժի խոշոր կրճատումները՝ դաշնային ծախսերը նվազեցնելու Թրամփի վարչակազմի ջանքերի շրջանակներում:

«Քանի որ իմ ժամանակը, որպես կառավարության հատուկ աշխատող, մոտենում է ավարտին, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին անտեղի ծախսերը նվազեցնելու հնարավորության համար, - գրել է Մասկը։ - DOGE-ի առաքելությունը ժամանակի ընթացքում միայն կուժեղանա, քանի որ այն դառնում է կենսակերպ ամբողջ կառավարությունում»:

Հատուկ պետական աշխատողի կարգավիճակում Իլոն Մասկը կարող էր աշխատել միայն 130 օր ժամկետով։ Սակայն ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ վարչությունը կշարունակի իր աշխատանքը նույնիսկ Մասկի հեռանալուց հետո։ 

Միևնույն ժամանակ Մասկը մտահոգություն է հայտնել նախագահ Թրամփի հարկերի կրճատման և ծախսերին առնչվող փաթեթի կապակցությամբ։ «CBS Sunday Morning» հաղորդման ընթացքում նա ասել է, որ «հիասթափված է», քանի որ կարծում է, որ ահռելի ծախսերի փաթեթը կմեծացնի բյուջեի դեֆիցիտը և կխաթարի «այն աշխատանքը, որ կատարում է DOGE-ի թիմը»։

Թրամփի առաջարկած փաթեթը ներառում է տրիլիոնավոր դոլարի հարկերի կրճատում և ԱՄՆ զինված ուժերի և ազգային անվտանգության ծախսերի կտրուկ ավելացում։ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի գնահատմամբ՝ օրինագիծը երկրի բյուջեի դեֆիցիտը կավելացնի ևս 3,8 տրիլիոն դոլարով:

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ էր քվեարկել օրինագծին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում