Տնտեսություն

Վարչապետը կարևորում է ՄԱԿ-ի տարբեր մարմինների հետ փոխգործակցության շարունակական զարգացումը

3 րոպեի ընթերցում

Վարչապետը կարևորում է ՄԱԿ-ի տարբեր մարմինների հետ փոխգործակցության շարունակական զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Տատյանա Մոլչանին Հայաստան կատարած այցի առիթով՝ կարևորելով Հայաստանի և ՄԱԿ-ի տարբեր մարմինների, այդ թվում՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի համակարգի դերակատարումը կայուն զարգացման նպատակների առաջմղման, բնապահպանական և տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման և կարողությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ոլորտային, մասնավորապես, էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով հետագա համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Հայաստանի առաջընթացին։

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության տեսլականը ենթակառուցվածքների արդիականացման և բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ տրանսպորտային, լոգիստիկ, էներգետիկ և թվային ոլորտներում։ Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակումը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում 2026 թվականին անցկացվելիք Կենսաբազմազանության 17-րդ համաժողովին (COP17)՝ ընդգծելով դրա ռազմավարական նշանակությունը թե՛ տարածաշրջանի, թե՛ գլոբալ բնապահպանական օրակարգում։

Նշվում է, որ Տատյանա Մոլչանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, մասնավորապես, կայուն զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում