Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ երկրները մտադիր են ազդել ՌԴ-ի վրա պատժամիջոցներով
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիության երկրները մտադիր են ազդել Ռուսաստանի վրա՝ սպառնալով լայնածավալ պատժամիջոցներ սահմանել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Վիետնամ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Ֆրանսիայի ղեկավարը հայտնել է, որ «ողջունում է Միացյալ Նահանգների խաղաղության նախաձեռնությունը, սակայն այսօր անհրաժեշտ է միջոցներ ունենալ Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու համար»։
«Միակ միջոցը լայնամասշտաբ պատժամիջոցների սպառնալիքն է», - Մակրոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Նախագահը հավելել է, որ «Ֆրանսիայի և նրա գործընկերների համար առաջնահերթությունը մոտ ապագայում հրադադարի համաձայնագրի հասնելն է, ինչը թույլ կտա քննարկումներ սկսել արդար և կայուն խաղաղության շուրջ»։