Երևան

Թող ձեր երազանքներն ուղեկցվեն խիզախությամբ, քայլերը՝ պատասխանատվությամբ. Երևանի քաղաքապետը շնորհավորել է Վերջին զանգի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Թող ձեր երազանքներն ուղեկցվեն խիզախությամբ, քայլերը՝ պատասխանատվությամբ. Երևանի քաղաքապետը շնորհավորել է Վերջին զանգի կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Վերջին զանգի կապակցությամբ շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին շնորհավորական ուղերձ է հղել: «Արմենպրես»-ն ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. 

«Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի՛ ուսուցիչներ և ծնողներ, այսօր բոլորս միասին հրաժեշտ ենք տալիս մի փուլի, որը լի է եղել հիշողություններով և ձեռքբերումներով։ Վերջին զանգը պարզապես արարողություն չէ. այն նորի սկիզբ է՝ ինքնուրույն ընտրությունների ու պատասխանատու քայլերի մեկնարկ։

Սիրելի՛ շրջանավարտներ, դուք այսօր փակում եք դպրոցական կյանքի էջը։ Ձեր ճանապարհին լինելու են նոր փորձություններ, հնարավորություններ ու հաղթանակներ։ Բայց հիշեք՝ ձեր ընտրությունները և գործերը ձևավորելու են վաղվա Երևանը և Հայաստանը։ Ձեր ձայնը, արժեքներն ու վերաբերմունքը կերտելու են մեր երկրի ու քաղաքի դիմագիծը։ Եվ դա սկսվում է ոչ թե վաղը, այլ հենց այսօր։

Հարգելի՛ ուսուցիչներ, այս պատանիները կանգնած են նոր կյանքի շեմին՝ ձեր նվիրումի, գիտելիքի և հոգատար վերաբերմունքի շնորհիվ։ Շնորհակալ ենք ձեր հետևողականության ու սրտացավ աշխատանքի համար։

Սիրելի՛ ծնողներ, դուք եղել եք ձեր զավակների ամուր հենարանը թե՛ դժվար, թե՛ ուրախ պահերին։ Ձեր սերը, համբերությունն ու աջակցությունը այս ճանապարհի անբաժանելի մասն են եղել։ Շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա կապակցությամբ։

Սիրելի շրջանավարտներ, թող ձեր երազանքներն ուղեկցվեն խիզախությամբ, իսկ քայլերը՝ պատասխանատվությամբ։

Շնորհավորում եմ բոլորիս»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում