Քաղաքականություն

Աշգաբաթի համաձայնագրին միանալը կամրապնդի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի Հյուսիս-Հարավ երթուղին․ իրանցի փորձագետ

7 րոպեի ընթերցում

Աշգաբաթի համաձայնագրին միանալը կամրապնդի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի Հյուսիս-Հարավ երթուղին․ իրանցի փորձագետ

Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը Իրանի, Օմանի, Կատարի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի միջև միջազգային տրանսպորտային ու տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագրին (Աշգաբաթի համաձայնագիր) Հայաստանի միանալը չափազանց ճշգրիտ և ռազմավարական որոշում է համարում։ 

Փորձագետը կարծում է, որ Երևանը, միանալով տարանցիկ այդ միջանցքին, հնարավորություն կստանա նվազեցնել ինչպես Անկարա-Բաքու առանցքի ճնշումն, այնպես էլ ազատվել աշխարհաքաղաքական պաշարումից և մուտք ունենալ արաբական երկրների ու Կենտրոնական Ասիայի շուկաներ։  

Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս Էհսան Մովահեդիանն այսպիսի տեսակետ է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադարձ կատարելով Հայաստանի կառավարության կողմից մայիսի 8-ի նիստում վերոնշյալ համաձայնագրին միանալու վերաբերյալ որոշման ընդունմանը։ 

«Աշգաբաթի համաձայնագրին միանալը կնպաստի անդամ պետությունների տարածքներով ապրանքների և ուղևորների տեղափոխման ու տարանցման համար հուսալի պայմանների ստեղծմանը, կհեշտացնի բազմատեսակ տրանսպորտը, կօպտիմալացնի տրանսպորտային ծախսերը, կամրապնդի Հայաստանի տարանցիկ դերը, կբարելավի տրանսպորտային անվտանգությունն ու կստեղծի հավասար պայմաններ անդամ պետությունների տրանսպորտային կազմակերպությունների համար»,-զրույցի ընթացքում նշել է փորձագետը։  

Մովահեդիանի բնորոշմամբ՝ տարանցիկ այդ շղթայում ամենակարևոր օղակն Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ 

«Միջանցքն օգտագործում է երկաթուղային և ճանապարհային կապեր՝ միանալու Թուրքիային և Պարսից ծոցին, իսկ Բանդար Աբբաս և Չաբահար նավահանգիստները հնարավորություն են տալիս միջանցքը կապել ծովային ուղիների և Պարսից ծոցին սահմանակից արաբական երկրների հետ։ Աշգաբաթի համաձայնագրին Հայաստանի միանալը ճշգրիտ և ռազմավարական որոշում է Անկարա-Բաքու առանցքի ճնշումը նվազեցնելու տեսանկյունից։ Հայաստանը կարող է իր իրական բարեկամ Իրանի հետ համագործակցության միջոցով ազատվել աշխարհաքաղաքական պաշարումից և ունենալ անվտանգ, արագ և էժան մուտք դեպի արաբական երկրների և Կենտրոնական Ասիայի ու նույնիսկ Ռուսաստանի շուկաներ»,-ասել է իրանցի փորձագետը՝ նկատելով, որ այդ երթուղու օգտագործումը թույլ է տալիս ապրանքներ տեղափոխել Ասիա ավելի կարճ ճանապարհով, քան երկար ծովային ճանապարհներն են։

Ըստ նրա՝ համաձայնագրին միանալը նաև կապահովի Հայաստանի մուտքը միջազգային շուկաներ այդ տարանցիկ միջանցքի միջոցով, կապահովի միջազգային տրանսպորտի համար անհրաժեշտ տարանցիկ փաստաթղթերի համակարգումը, մաքսային ընթացակարգերի դյուրացումը և անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքների ոչ խտրական օգտագործումը։  

«Այդ համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն է տալիս կազմակերպել լոգիստիկ փոխադրումների իրականացումը մասնակից երկրների միջև տարբեր մեթոդներով՝ նպաստելով փոխշահավետ տնտեսական և առևտրային հարաբերությունների ամրապնդմանը, համագործակցության ընդլայնմանը և Հայաստանի տարանցիկ դերի ամրապնդմանը»,-ընդգծել է Էհսան Մովահեդիանը։ 

Տարանցիկ այս միջանցքի համատեքստում իրանցի փորձագետն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։  

«Հայաստանի միացումն Աշգաբաթի համաձայնագրին կամրապնդի երկրի կառավարության «Խաղաղության խաչմերուկ»-ի Հյուսիս-Հարավ երթուղին։ Հայաստանը պետք է իր համար կարևոր աշխարհաքաղաքական դիրք սահմանի, որպեսզի երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանումն ավելի կարևոր լինի մյուս հարևանների և աշխարհի խոշոր երկրների համար»,-շեշտել է Մովահեդիանը։  

Վերջինիս կարծիքով՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի Արևելք-Արևմուտք երթուղին ներկայումս անիրագործելի է՝ Բաքվի սաբոտաժի և Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չստորագրելու պատճառով։   

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու անհիմն պայմանները (խմբ. ՀՀ սահմանադրության փոփոխություն և Մինսկի խմբի լուծարում)՝ չի թվում, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի Արևելք-Արևմուտք երթուղին մոտ ապագայում օգտագործելի կլինի։ Թուրքիան և Բաքուն պնդում են այս երթուղու մաքսային և անվտանգության գործերի վերահսկողությունը ստանձնել Հայաստանի ներսից՝ խախտելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար, Հայաստանը պետք է հույսը դնի «Խաղաղության խաչմերուկ»-ի Հյուսիս-Հարավ երթուղու վրա, որը կապվում է բարեկամ երկրների հետ։ Դրանով Հայաստանը կարող է նաև ամրապնդել իր ներկայությունն ու համագործակցությունն արաբական երկրների հետ։ Այսպիսով, նաև հնարավոր է հակազդել արաբական երկրներում Բաքվի հակահայ խոսույթներին և ներկայացնել Հայաստանի խաղաղ և ռացիոնալ կերպարը, ինչպես նաև ստեղծել ավելի շատ տնտեսական և առևտրային հնարավորություններ երկրի համար, որպեսզի Հայաստանի տնտեսական աճն ու առաջընթացը կարողանան արագանալ Իրանի և արաբական երկրների համատեղ համագործակցության միջոցով»,-իր խոսքում ընդգծել է փորձագետը՝ շեշտելով, որ այս նպատակով Հայաստանը կարող է օգտագործել իրանական Չաբահարի, Շահիդ Ռաջայի, Բանդար Աբբասի և այլ նավահանգիստների հզորությունները:  

Իրանցի փորձագետի դիտարկմամբ՝ Հայաստանը չպետք է անմասն մնա Իրաքի և Քուվեյթի հարևանությամբ գտնվող Արվանդ ազատ գոտու կարողություններից: 

«Խուզեստան նահանգում գտնվող այս տարածքը մեծ ներուժ ունի Հայաստանի առևտրային և տնտեսական գործունեության համար, և այս կերպ Հայաստանը կարող է մուտք գործել Իրանին և նույնիսկ Հյուսիսային Աֆրիկային հարևան արաբական երկրներ՝ իր համար ստեղծելով նոր տնտեսական և առևտրային հնարավորություններ»,-եզրափակել է Էհսան Մովահեդիանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում