Իրան

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

2 րոպեի ընթերցում

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Թեհրանն արձագանքել է նախագահ Դոնալդ Թրամփի այն սպառնալիքներին, որ ԱՄՆ-ն շուտով կհարվածի Իրանի կենտրոնական մասում գտնվող Քոլանգ լեռանը (խմբ.՝ անգլերեն՝ Պիկաքս, որը թարգմանաբար նշանակում է քլունգ), որը Նաթանզի միջուկային օբյեկտից 1,5 կմ հեռավորության վրա է։ Իրանի Խաթամ ալ-Անբիյա կենտրոնական շտաբը սպառնացել է լուրջ հարվածներով պատասխանել նման հարձակմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իրանի պետական IRIB հեռարձակող ընկերությունը։

Ըստ իրանական կողմի հայտարարության՝ նման հարձակումը կհամարվի «տարածաշրջանում պատերազմի ընդլայնում», հետևաբար, Թեհրանը կհարվածի «Ամերիկայի բոլոր շահերին, նրա դաշնակիցներին և աջակիցներին»։

CNN-ը նշում է, որ ըստ Իսրայելի՝ Թեհրանն իր հարստացված ուրանի պաշարների մի մասը և ուրանի հարստացման ցենտրիֆուգները թաքցրել է Քոլանգ լեռան մեջ գտնվող ստորգետնյա օբյեկտում, ինչը դժվար հասանելի թիրախ է ԱՄՆ-ի և Իսրայելի համար։

Ըստ հրապարակման՝ օբյեկտի կառուցումը սկսվել է 2020 թվականին, և այդ ժամանակ Իրանը ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հայտնել է, որ այն նախատեսվում է որպես ապագայում միջուկային վառելիք արտադրող ցենտրիֆուգների հավաքման վայր։

«Մենք, հավանաբար, շատ շուտով կհարվածենք այդ տարածքին։ Եվ նրանք ոչինչ չեն կարող անել դրա հետ։ Սովորաբար ես նման բան չէի ասի։ Եթե մտածեի, որ նրանք կարող են դրա դեմ ինչ-որ բան անել, ես երբեք սա չէի ասի։ Մենք շուտով կհարվածենք այդ տարածքին և շատ ուժեղ», - ասել է ԱՄՆ նախագահը Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը։

Թրամփը նաև սպառնացել է «հոգ տանել» Եմենի հութի ապստամբների մասին, որոնք հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման և դեպի Կարմիր ծով տանող Բաբ էլ Մանդեբի նեղուցը փակելու մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում