Երևանի Թևոսյան փողոցում պարսպին բախված և բռնկված ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են
1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 18-ին, ժամը 11:53-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թևոսյան փողոցում Kia մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա ռեստորանի պարսպին և բռնկվել․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով. այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։