Տնտեսություն

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանում դպրոցներ են վերակառուցվում

7 րոպեի ընթերցում

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանում դպրոցներ են վերակառուցվում

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության 20-ամյակի առթիվ՝ Հայաստանի վեց մարզում լրատվամիջոցների համար կազմակերպվեցին շրջայցեր, որոնց ընթացքում լրագրողներն այցելեցին ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող հիմնական նախագծերի վայրերն ու անմիջականորեն ծանոթացան դրանց ազդեցությանն ու առաջընթացին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների համար ստեղծվել էր պատեհ հնարավորություն՝ ուսումնասիրելու ԱԶԲ-ի և Հայաստանի միջև հաստատված համագործակցության արդյունքներն ու զարգացման ուղին։ Համագործակցությունն ընդգրկում է մի շարք ոլորտներ, որոնցից մեկը դպրոցաշինության բնագավառում ԱԶԲ-ի աջակցությամբ կարևոր նախագծերի իրականացումն է։

Ասիական զարգացման բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի ղեկավար Գոհար Մուսայելյանը նշեց, որ ծրագիրը հաստատվել է 2015 թվականին։ Առաջին վարկով տրամադրված գումարը կազմել է 88,5 միլիոն դոլար։ 2023 թվականին հաստատվել է լրացուցիչ ֆինանսավորում՝ 72,3 միլիոն դոլարի չափով, որովհետև հաստատված նախնական գումարը բավարար չէր բոլոր 46 դպրոցը վերակառուցելու կամ ամրացնելու համար։   

«Ծրագիրն իր տեսակով առաջին անգամ է իրականացվել Հայաստանում։ ԱԶԲ-ն շատ մեծ ազդեցություն չի ունենում որոշումների կայացման վրա, այսինքն՝ գնումներն ու ֆինանսական կառավարումն ամբողջությամբ իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ Երբ ծրագրի արդյունքներն արդեն ապահովված են լինում, և ԱԶԲ-ն համոզվում է, որ երաշխավորված են ծրագրի պահանջները, այդ դեպքում միայն իրականացվում են ֆինանսական մասհանումները»,-ասաց Մուսայելյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ծրագիրը նախատեսում է ոչ միայն շինարարություն, այլև ունի շատ բաղադրիչներ։ Մասնավորապես ԱԶԲ-ն տրամադրում է նաև տեխնիկական աջակցություն, որի շրջանակում զարգացել են շատ կարողություններ։ Օրինակ՝ սեյսմակայուն շինարարության նորմերի կիրառման համար մշակվել է համապատասխան ձեռնարկ, որն օգնում է նախագծողներին, որպեսզի նրանք ուղղորդվեն դրանով և կատարեն ճիշտ սեյսմիկ հաշվարկներ։ Բացի դրանից, ԱԶԲ-ն Հայաստանում հանրային ենթակառուցվածքների սեյսմիկ ամրացման ֆինանսավորման ռազմավարություն է մշակում՝ համագործակցելով ՆԳ նախարարության հետ, ինչը կարող է հիմք հանդիսանալ ավելի երկարաժամկետ կտրվածքով Հայաստանն ավելի սեյսմակայուն երկիր դարձնելու համար։   

«Մեզ համար շատ կարևոր է, որ վերջնական ազդեցությունը լինի առավելագույն չափով, ինչի համար, օրինակ, նախատեսել ենք սեյսմիկ նորմերի վերանայում, ինչը շատ կարևոր է Հայաստանում քաղաքաշինության զարգացման առումով։ Շատ կարևոր է նաև, որպեսզի իրականացվեն սեյսմիկ աղետի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ, հետևաբար դպրոցներն ունեն սեյսմիկ աղետի կառավարման պլան։ Բոլորը պետք է տեղյակ լինեն, թե ինչ պետք է անել երկրաշարժերին նախապատրաստվելու համար, հետևաբար իրազեկման գործընթացում ներգրավված են նաև դպրոցների հարևանությամբ գտնվող բնակիչները»,-ասաց Մուսայելյանը։ 

Վերոհիշյալ ծրագրով նախատեսվում է վերանորոգել կամ վերակառուցել 46 դպրոց, որոնցից 23-ի շինաշխատանքներն արդեն ավարտված են։ Մնացած դպրոցներում ընթանում են կամ շինարարական, կամ վերջնական փուլում գտնվող նախագծային աշխատանքներ։ Բարեկարգվող դպրոցների աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը և դրանց 30 տոկոսը հենց մայրաքաղաքից են։ 

«ՀՀ կառավարության կողմից շատ մանրազնին իրականացվել է ուսումնասիրություն՝ հաշվի առնելով հիշյալ դպրոցների ինժեներական նախագծերն ու այն հանգամանքը, թե հանրակրթական հաստատությունները որքանով են խոցելի սեյսմիկ տեսնակյունից։ Ըստ այդմ՝ սահմանվել են առաջնահերթություններ, և ընտրությունը կատարվել է կառավարության կողմից»,-ասաց Մուսայելյանը։

Լրագրողների խումբն այցելեց ԱԶԲ-ի ֆինանսական աջակցությամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցված Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց, որի տնօրեն Արթուր Տաշչյանը ցույց տվեց բարեկարգման արդյունքներն ու ընձեռված նոր հնարավորությունները։ Դպրոցի հին շենքը գտնվում էր այնպիսի վիճակում, որ տնտեսական ու ֆինանսական առումնեերով ավելի ձեռնտու էր քանդել և նորից կառուցել, քան իրականացնել ամրաշինական աշխատանքներ։ 

«Նոր շենք տեղափոխվել ենք  2025 թվականի փետրվարի 18-ից, իսկ պաշտոնական բացումը եղել է մարտի 1-ին։ Պայմանները կատարյալ են և համահունչ նոր չափորոշիչին, ժամանակակից կրթության պահանջներին։ Բոլոր պայմաններն առկա են որակյալ և արդյունավետ ուսուցում ապահովելու 1563 աշակերտի համար։ Մասնավորապես ունենք կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ և աշխարհագրության սենյակ, երկու թվային գրագիտության աշխատարաններ, որոնք հագեցած են համապատասխան սարքավորումներով։ Մի քանի տարի է, ինչ դպրոցում գործում է նաև Արմաթ աշխատարանը։ Ունենք նոր տեղեկատվական կենտրոն և գրադարան, տեղեկատվական տեխնոլոգիաների դասասենյակ, մեծ մարզահամալիր՝ բաղկացած երկու մարզադահլիճներից տարրական և միջին դասարաննեերի համար»,-ասաց տնօրենը։ 

Դպրոցն ունի նաև լավ կահավորված ֆուտբոլի դաշտ, շախմատի սենյակ, ռեսուրս կենտրոն՝ համընդհանուր ներառական կրթությունը պատշաճ իրականացնելու համար, իսկ նոր ճաշարանը սեպտեմբերից կգործի տարրական դպրոցի տաք սննդի ծրագրի շրջանակում։ Շուտով կստեղծվի նաև փոքրիկ ջերմոց կենսաբանության դասերի համար, որտեղ կկիրառվի նաև օրգանիկ գյուղատնտեսություն։  

«Մեզ մոտ կարևոր են ազգային արժեքները։ Դուք ականատես եղաք ազգագրական պարերի դասին։ Ունենք դաստիարակչական նոր հայեցակարգ, որն ամբողջովին համապատասխանում է «Հանրակրթության մասին» օրենքին և նոր հանրակրթական չափորոշիչի մեջ դրված արժեհամակարգին, ըստ որի՝ ազգայինը միանշանակ կարևորվում է։ Իսկ դասավանդվող օտար լեզուների շարքը խոսում է հենց համամարդկային արժեքների կարևորման մասին, որովհետև դասացուցակով ունենք երեք պարտադիր օտար լեզու՝ անգլերեն, ռուսերեն և պարսկերեն։ Այս ուսումնական տարվա ծրագրում ներառվել է չինարենը, ունենք նաև Հայաստանում միակ ճապոներենի խմբակը»,-տեղեկացրեց Տաշչյանը։

Տնօրենը ծնողներին հորդորեց իրենց երեխաների համար դպրոց ընտրել ոչ միայն շենքի, այլև բովանդակության համար, և հավաստիացրեց, որ Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում այդ երկու գործոնները համադրվել են, ինչին ուսումնական հաստատությունը հասել է երեք տարիների նախապատրաստության արդյունքում։    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում