ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալագրեր, պատվոգրեր, մեդալներ հանձնեց թանգարանների աշխատակիցներին և ներկայացրեց ոլորտի ձեռքբերումները
7 րոպեի ընթերցում

Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանն ընդառաջ՝ մայիսի 16-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար նախարարության մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրեց մի շարք թանգարանների աշխատակիցների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրեասյանը շեշտեց՝ թանգարանային ոլորտում շատ նվիրյալներ կան, որոնք սրտացավ են, ոգեշնչված։
«Մեզ թվում է, թե թանգարանները պետք է հիմնվեն որակյալ աշխատանքի վրա, բայց չէ՞ որ այդ աշխատանքը պետք է պատշաճ գնահատվի ոչ միայն խոսքով, այլև աշխատանքային պայմաններով, ինչը մեր քաղաքականության, մշակույթի զարգացման ռազմավարության հիմքում է, որտեղ մշակույթը դիտում ենք որպես ինքնաբավ ոլորտ, որը հանրային, տնտեսական զարգացման հարցում ունի էական նշանակություն»,-ասաց նա։
Նախարարի խոսքով՝ 2024 թվականի ավարտի դրությամբ Հայաստանի թանգարաններն ունեցել են ավելի քան 1 մլն 245 հազար այցելու, որից 50 տոկոսը զբոսաշրջիկներ են։ Նա դա կարևորում է, քանի որ թանգարանները նաև զբոսաշրջության զարգացման էական մասնակից են։
«Նախորդ տարին մեզ համար շատ կարևոր էր թանգարանների մասին օրենքի ընդունմամբ, որը ոլորտի մայր օրենքն է, և մեր աշխատանքը չի կանգնել։ Օրենքն ընդունելուց հետո մեծածավալ աշխատանք ենք կատարել ենթաօրենսդրական, իրավական ակտերի մշակման ուղղությամբ, որոնք հենց թանգարանների աշխատանքը գործնականում կարգավորող և այդ հնարավորություններն ու ընթացակարգերը տվող որոշումներն են։ Արդեն 24 տարբեր իրավական ակտ հաստատվել է, ինչը նշանակում է, որ թանգարանների գործունեության գործիքակազմերն ու ընթացակարգերն էապես հաստատվել են, օրինակ՝ թանգարանների աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները, պաշտոնների նկարագրերը, ատեստավորման գործընթացի կազմակերպման հնարավորությունները։ Սա նշանակում է, որ նաև այս ընթացակարգերը կարող են կիրառվել, և մենք առաջիկայում ծրագրում ենք, որ առաջին փուլով ատեստավորման գործընթացը կազմակերպվի Հայաստանի պատմության թանգարանում, ինչպես նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ում, ինչը հնարավորություն կտա տեսնել, թե ինչպես է ամեն բան ընթանում, թե ինչ լավարկման տեղեր կան և այլն»,-նշեց Անդրեասյանը։
Նա կարևորեց նաև էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի ներդրումը, որը գործարկվել է։ Աշխատում են տոմսային համակարգի հարթակում հուշանվերների առցանց խանութի ավելի ակտիվ գործարկման ուղղությամբ։
«Ոլորտում ձևավորվել է Մշակույթի զարգացման հիմնադրամը, և մենք հիմա այն փուլում ենք, որ թանգարանների գնումների, հաշվապահության և մարքեթինգի գործառույթները պետք է պատվիրակվեն այդ հիմնադրամին, և թանգարանները կկարողանան կենտրոնանալ իրենց բուն գործունեության վրա՝ ստանալով անհրաժեշտ աջակցությունը»,-ընդգծեց նախարարը։
Նախարարը մեծ նշանակություն է տալիս նաև թանգարաններում սրճարանային հատվածների առկայությանը՝ նշելով, որ թանգարան այցելելով՝ մարդիկ պետք է կարողանան լիարժեք օր կազմակերպել։ «Արվեստին առնչվելը ժամանակ է պահանջում, պահանջում է, որ չշտապենք, խորհենք, քննարկենք։ Այս ծառայություններն ուղղված են նրան, որ մենք թանգարանների թե՛ տնտեսական գործունեության ակտիվացման հնարավորություն ստեղծենք, թե՛ որակյալ միջավայր ստանանք»,-ասաց նա։
Անդրեասյանը հիշեցրեց, որ 2023-ից վերականգնել են թանգարանային հավաքածուները պետական բյուջեի միջոցներով համալրելու գործընթացը։ Յոթ թանգարանից ունեն իրականացված հայտեր շուրջ 60 մլն դրամի շրջանակում։
Անդրադառնալով կապիտալ հատկացումներին՝ Անդրեասյանն ասաց՝ նման աշխատանքների շնորհիվ Հայաստանի ազգային պատկերասրահը տևական աշխատանքից հետո վերաբացվել է։ Կապիտալ ներդրումներ են արվել նաև Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում թե՛ Երևանում, թե՛ Դիլիջանում։ Դիլիջանի մասնաճյուղն առաջիկայում կբացվի հանդիսավոր պայմաններում։ «Տևական ու մանրակրկիտ աշխատանք է կատարվել, և ես հույս ունեմ, որ թանգարանը Դիլիջանում կդառնա ևս մեկ հրաշալի վայր, որտեղ բոլոր այցելուները կլինեն։ Աշխատանքներ ենք իրականացրել Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրությանն ուղղված»,-հայտնեց նախարարը։
Նա հիշեցրեց, որ այս տարի նշվում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը, ինչի առթիվ կառավարական հանձնաժողով է ձևավորված։ Որոշ միջոցառումներ արդեն անցկացվել են թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Որոշ միջոցառումներ էլ առջևում են։
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում են կապիտալ ներդրումներ արել, և այդ աշխատանքը շարունակվելու է։
Խոսելով միջազգային համագործակցությունների մասին՝ Ժաննա Անդրեասյանը շեշտեց՝ շատ կարևոր է, որ թանգարանների ցուցադրությունների մակարդակն ու որակը լինի այնպիսին, որ հանրային ներգրավվածություն և տեսանելիություն ապահովի, ու պատշաճ ներկայացվի մշակութային ժառանգությունը։
«Միջազգային համագործակցությունն օգնում է այդ ստանդարտների հաստատմանը և հնարավորություն է տալիս կազմակերպել այնպիսի ցուցադրություններ, որոնք միայն մեր հավաքածուներով հնարավոր չէ իրականացնել։ Մենք հնարավորություն ենք ունենում նաև մեր հավաքածուները ցուցադրել արտերկրում՝ դրանով մեծացնելով Հայաստանի մշակույթի մասին իրազեկվածությունը»,-կարևորեց նախարարը։
Անդրեասյանը հիշեցրեց, որ 2024-ին ունեցել են 9 տարբեր միջազգային ցուցադրություններ արտերկրում և Հայաստանում։ Նա հատկապես յուրահատուկ համարեց Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը՝ կազմակերպված Բրիտանական թանգարանի հետ։ «Այս ամսվա վերջին Հայաստանի պատմության թանգարանում Դրենցի թանգարանի հետ համատեղ ցուցադրություն կբացվի, սեպտեմբերին՝ Լուվրի հետ համատեղ, իսկ հաջորդ շաբաթ Հայաստանի ազգային պատկերասրահը կներկայացնի հայկական իմպրեսիոնիզմը Ֆրանսիայում ցուցադրությունը»,-եզրափակեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը։